«Քաղաքներում ապրող մարդիկ, որոնց աշխատանքը սահմանափակված է, հիմա ավելի լուրջ դժվարություններ ունեն, քան գյուղերում ապրող մարդիկ»․ Զարուհի Բաթոյան
«Թեև բոլորս լավատես ենք և հույս ունենք, որ այս գործողություններով կմեղմենք այս գործընթացը, բայց մենք չգիտենք, թե որքան ժամանակ այս իրավիճակը կշարունակվի և որքան ժամանակ մարդիկ աջակցության կարիք կունենան։ Մենք նաև գիտենք, որ մեր ռեսուրսներն էլ անսպառ չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել․ ավելի մեծ գումար տրամադրել՝ ավելի քիչ թվով մարդկանց, թե ավելի քիչ գումարով, բայց ավելի շատ մարդկանց հասնել։ Այսինքն՝ մենք այս երկու ընտրությունների միջև կատարել ենք ավելի շատ մարդկանց հասնելու ընտրությունը, և այն մարդկանց հասնելու, որոնք գրանցված աշխատող չեն և եկամուտ այս պահին չունեն»,-ասաց նախարարը՝ անդրադառնալով այսօրվա կառավարության որոշմանը, ըստ որի՝ մինչև 18 տարեկան երեխա և չգրանցված աշխատանք ունեցող ծնողներին յուրաքանչյուր երեխայի համար կտրվի 26.500 դրամ նպաստ։
Նախարարն ընդգծեց, որ քաղաքներում ապրող մարդիկ, որոնց աշխատանքը սահմանափակված է, հիմա ավելի լուրջ դժվարություններ ունեն, քան գյուղերում ապրող մարդիկ․ «Գյուղական բնակավայրերում, եթե նույնիսկ մարդիկ մեկուսացած են իրենց ընտանիքով և իրենց գյուղատնտեսությամբ են զբաղվում, իրենց դեպքում հնարավորությունը ավելի մեծ է թեկուզ ամենօրյա սնունդը ունենալու։ Չեմ ուզում ասել, որ որևէ մեկի մոտ այդ խնդիրը չկա, բայց այս պահին գյուղական բնակավայրերում ապրող մարդիկ մի փոքր ավելի քիչ դժվարություններ ունեն, քան քաղաքում ապրողները, բայց իրենք ևս այս ծրագրի շահառու են և կարող են դիմել»։