Օրհասական պահին իշխանությանը մենակ չեմ թողնելու. թքած ունեմ քաղաքական դիվիդենտի վրա. Արման Բաբաջանյան
Ինչ կարող է անել այս օրենքը, երբ միջքաղաքային ավտոբուսները շարունակում են բեռնված մնալ, կամ, երբ Երևան քաղաքում շարունակում են լինել խցանված փոփոխություններ:
Այս հարցն այսօր Ազգային ժողովում պարետ Տիգրան Ավինյանին ուղղեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ընդգծելով, որ ստանում է բազմաթիվ զանգեր, տարբեր համայնքներում մարդիկ դիմում են իրեն՝ տեղեկացնելով, որ այս կամ այն խնդիրներով դիմել են իրենց տեղամասային պոլիկլինիկաներ, սակայն իրենց առաջին օգնության խնդրանքները մնացել են անարձագանք:
«Դուք այստեղ խոսում էիք վերջին միջոցի մասին, պարոն նախարար, բայց ես կարծում եմ, որ այս բոլոր միջոցառումները պետք էր ավելի վաղ իրականացնել, որից հետո նոր պետք է գայիք այս վերջին միջոցառման հետևից»,- ասաց Արման Բաբաջանյանը:
Պատգամավորը նաև կոչով դիմեց իշխանություններին՝ հրավիրելով նրանց ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ «իշխանությունն օր առաջ տապալված տեսնելու մարմաջով ապրող անհատներն ու ուժերը ոչ մի տեղ չեն փախել, և նրանք փնտրում են նմանատիպ իրավիճակներ»:
Բաբաջանյանը ընդգծեց, որ, թեև բոլորը խոսում են մարդկանց առողջության մասին, սակայն պետք է ժամ առաջ հետամուտ լինել պետության առողջության վերականգնմանը:
«Ես, իհարկե, այս օրհասական պահին իշխանությանը մենակ չեմ թողնելու, որովհետև, եթե նժարին գեթ մեկ մարդու առողջությունն է, ես թքած ունեմ այն քաղաքական դիվիդենտի վրա, որը ինձ պետք է հասնի այս նախագծին դեմ քվեարկելով»,- ասաց Բաբաջանյանը: