«Մենք ունենք սովորություն՝ ամիսը առնվազն մեկ անգամ փոցխի վրա կանգնելու»․ Հայկ Կոնջորյան

«Այո, մենք ունենք սովորություն՝ ամիսը առնվազն մեկ անգամ փոցխի վրա կանգնելու, ինչպես, որ այսօր մի քանի ժամ առաջ։ Այ, դրա համար դուք կարող եք մեզ քննադատել։ Բայց քննադատել մի բանի համար, որ այս մարդիկ ցանկանում են ձեզ գաղտնալսել․․․ գաղտնալսեն, որ ի՞նչ անեն։ Ասում են՝ ծածուկ նիստ եք անում։ Ծածուկ նիստ ենք անում ուղիղ եթերո՞վ։ Ո՞նց կարելի է նման բան ասել, ուղեղի ցնցում է մարդ ստանում»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

Նա նշեց, որ մի վատ մեթոդ է նկատում․ «Նրբանկատ կերպով խաղում են հանրության վախերի հետ։ Ժամանակին մեզ ասել են՝ սա չանեք, նա չանեք, փողոց դուրս չգաք, չընդվզեք, որովհետև թուրքը էնտեղ կանգնած է, կկրակի, պատերազմ կսկսվի, հիմա ասում են՝ ժողովուրդ ջան, մի վստահեք այդ իշխանությանը, նա ձեզ ուզում է գաղտնալսել։

Էն իշխանությանն են մեղադրում՝ ժողովրդավարությունը ոտնահարելու ու գաղտնալսելու համար, որին նույն ձև մեղադրում են, որ մենք մամուլը ոտնահարում ու ճնշում ենք, այն մամուլը, որի զգալի մասը ամեն օր ամենակեղտոտ ձևով՝ բթամիտ ֆեյքերով, առաջին հերթին հարվածում է իշխանության ամենաբարձր ներկայացուցիչներին։ Այսօր այդ նույն ձևով մեզ մեղադրում են, որ մենք ուզում ենք ձեզ գաղտնալսել»։

Տեսանյութեր

Լրահոս