
Զանգվածային մահը չոքել է բոլորիս դուռը. Արմեն Խաչատրյան

Մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները երկրորդական են, մարդու կյանքը և առողջությունը գերակա է բոլոր մյուս ազատություններին և իրավունքներին:
Այսօր Ազգային ժողովում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերի երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Պատգամավորն անդրադարձավ արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների դրսևորած վարքագծին՝ ընդգծելով, որ ժողովուրդը ստեղծված իրավիճակը կարծես թե լուրջ չի ընդունում:
«Այսօր ես մտել եմ բանկ և տեսել եմ, որ մասնաճյուղերում չկա ալկոգել: Կա հերթապահ, բայց պատին փակցված չէ ալկոգել, որ ոստիկանը բոլորին ստիպի, որ մարդիկ առանց ձեռքերը մշակելու բանկ չմտնեն: Քիչ առաջ էլ Կասկադի տարածքում եմ հրավառություն տեսնում, տեսնում եմ նաև լեփ-լեցուն ավտոբուսներ: Զանգվածային մահը չոքել է բոլորիս դուռը, և եթե մենք կարգապահությամբ աչքի չընկնենք, կառավարությունն ինչ էլ անի, եռապատկի էլ իր ուժերը, հնարավոր չէ, որ այս ամեն ինչի դեմն առնենք»,- ասաց պատգամավորը: