«Ընդդիմության հայտարարությունները շոու էր»․ Ռուբեն Ռուբինյան

«ԱԺ նախագահն ավելի քան  ժամ առաջ հայտարարեց, որ 21։30-ից հետո սկսվելու է ԱԺ արտահերթ նիստը, և ընդդիմությունը կրկին չկա։ Սա լավագույն ապացույցն է, որ այն հայտարարությունները, որ արվում էին 3 ժամ առաջ՝ առ այն, որ ընդդիմությունն այստեղ չէ, որովհետև իրենց ուշ են զգուշացրել, ընդամենը շոու էր»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ պարետատունն առաջարկում է իրենց հնարավորություն տալ՝ ներդնել մի մեխանիզմ, որը կարող է նպաստել նրան, որ փրկվեն մարդկային կյանքեր․ «Ի՞նչ է անում այս պայմաններում ընդդիմությունը․ նախ՝ շատ ցածր մանիպուլյացիաներով ստեղծում են տպավորություն, որ նախագիծը գաղտնալսման մասին է։ Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել՝ նախագիծը գաղտնալսումներ չի ենթադրում։ Երբ արտակարգ դրությունը վերացվի, նախագծով նախատեսված որևէ միջոցառում չի իրականացվելու»։

Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ ընդդիմությունը ստեղծում է անվստահություն՝ հույս ունենալով, որ անվստահությունը կառավարութան կամ մեծամասնության հանդեպ պետք է նշանակի՝ վստահություն իրենց հանդեպ․ «Վստահ եմ, որ այդպես չի լինելու։ Գուցե որպես պատգամավոր մոռանամ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների այսօրվա պահվածքը, բայց որպես քաղաքացի դա երբեք չեմ մոռանալու, որովհետև սա շատ անլուրջ և անպատասխանատու պահվածք է»։

Տեսանյութեր

Լրահոս