Հովիկ Աղազարյանն առաջարկում է բացել հասարակական սննդի կետեր՝ օրավարձով աշխատողների համար
Ազգային ժողովը մարտի 31-ին մեկ անգամ ևս գումարեց արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց՝ հատուկ ընթացակարգով քննարկելու համար:
Օրակարգի առաջին հարցով առաջարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին և էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքների նախագծերը քննարկել երկու ընթերցմամբ:
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում է Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցին:
Նախքան նախագծերի քննարկումը Հովիկ Աղազարյանը նախարարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նպատակահարմար չէ առհասարակ արգելել մեծահասակներին և խրոնիկ հիվանդներին տնից դուրս գալ, և արդյո՞ք հնարավոր է ստեղծել մեծ քաղաքներում և Երևանում հասարակական սննդի կետեր, որտեղ անվճար սնունդ կտրամադրեն մեր այն հայրենակիցներին, որոնք օրավարձով են ապրել և այսօր դժվարություններ ունեն իրենց ընտանիքները կերակրելու համար:
Ի պատասխան պատգամավորի հարցերի՝ նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ պատգամավորի բարձրացրած խնդիրները պարետատան մշտական ուշադրության կենտրոնում են, քայլեր արդեն ձեռնարկվում են այդ ուղղությամբ, իսկ ինչ վերաբերում է հասարակական սննդի կետերին, ապա դրանք նպատակահարմար չեն, քանի որ մարդկանց կուտակումները կնպաստեն վարակի տարածմանը: