Ինչ է նշանակում հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված խախտում. Պարզաբանում է Աննա Նաղդալյանը
Երեկ՝ մարտի 30-ին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրելու նպատակով հակառակորդն իրականացրել էր դիվեսիոն ներթափանցման փորձ, ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի զինատեսակից կրակահերթ է արձակվել, որի հետևանքով վիրավորվել է Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի 14-ամյա բնակիչը և ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող:
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն արձագանքելով այս ռազմական միջադեպին՝ տարածել էր մամուլի հաղորդագրություն, որտեղ, մասնավորապես, ասված էր.
«Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումը որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում»:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով հարցին՝ ինչ է նշանակում՝ «Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումը» ձևակերպումը, ասաց.
«Որևէ ձևով չհրահրված հրադադարի խախտում նշանակում է, որ հրադադարը խախտող կողմի գործողությունները որևէ ձևով չեն հրահրվել, պայմանավորված չեն եղել մյուս կողմի այս կամ այն գործողություններով: Այս տերմինը լայնորեն օգտագործվում է հակամարտային իրավիճակներում, և մենք իրապես զարմացած ենք, որ մեր որոշ փորձառու փորձագետներ նոր են իրենց համար բացահայտում այս տերմինը: Միաժամանակ ափսոսանքով պետք է նշենք, որ որոշ փորձագետների մոտ միջազգայնորեն ընդունված ռազմաքաղաքական տերմինաբանության ընկալման բարդությունները պայմանավորված են միայն ներքաղաքական բնույթով»,- ասաց Նաղդալյանը: