«Առողջապահության նախարարը ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն, որ մի քիչ գործով զբաղված լիներ, շատ հնարավոր է, որ այսօր մենք չունենայինք այս նախագծերի անհրաժեշտությունը»․ Լուսինե Բադալյան
«Այսօր առավոտյան իմ գործընկերներն ինձ ցույց տվեցին, որ առողջապահության նախարարը երեկվա իմ հարցազրույցներից մեկի վերնագիրը, որն արդեն մանիպուլացված էր, ծաղրի առարկա է դարձրել ֆեյսբուքում։ Մի փոքրիկ справочка հատուկ նախարարի և մյուսների համար, ովքեր չեն հասկանում․ կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով և հետևաբար` մահացածին դիահերձման ժամանակ քանի որ օդակաթիլային ճանապարհով չի կարող անցնել, քանի որ դիակը չի շնչում, չի հազում և չի փռշտում, հետևաբար, վարակը փոխանցվում է մակերեսների հետ շփման միջոցով։ Հետևաբար, դիահերձման կանոնները պետք է համապատասխանեն վարակիչ կամ սուր վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց դիահերձման կանոններին»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Նա առաջարկեց ֆեյբուքյան չարաճճիությունների և վերնագրեր մանիպուլացնելու փոխարեն՝ ոլորտին և նախագծին վերաբերող հարցազրույցներն ու ելույթները դիտել ամբողջությամբ․ «Հնարավոր է շատ բան սովորեք»։
Ապա ընդգծեց․ «Եթե ես հանկարծ մի օր որոշեմ ձեր բոլոր սխալները, պարոն նախարար, մանիպուլացնել կամ դնել ֆեյսբուքյան քվեարկության, հետևանքները ձեզ հաստատ հաճույք չեն պարգևի։ Եվ ընդհանրապես, ես կարծում եմ, որ պետք է քննադատությանը ինչ-որ կերպ դիմանալ և հիշել, որ ԱԺ ցանկացած պատգամավոր կարող է արտահայտել ցանկացած միտք, կարող է քննադատել ցանկացած նախագիծ և որևիցե մեկը իրավունք չունի նրան դրա համար ծաղրել, կարող է ամենաշատը նրա հետ քննարկել և նրան համոզել։ Առողջապահության նախարարն էլ մի քիչ, որ ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղված լիներ, շատ հնարավոր է, որ այսօր մենք չունենայինք այս նախագծերի անհրաժեշտությունը»։