Կորոնավիրուսից հետո կյանք կա. ԿԳՄՍ նախարարն ուսումնական վարձավճարների հարցով դիմել է բուհերին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքել է ուսանողական վարձավճարների հետ կապված որոշ մտահոգությունների, որոնցով իրեն են դիմել տարբեր ուսանողներ:
Նախարարը նշեց՝ քիչ առաջ գրություն է ուղարկել բուհերին, այնտեղ նշել է՝ հիմք ընդունելով ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը, առաջարկել է զերծ մնալ ուսման վարձավճարները չվճարելու հետ կապված՝ ուսանողներին ուսումնական գործընթացում չընդգրկելուց:
ԿԳՄՍ նախարարը նաև հայտնեց՝ բուհերին առաջարկել է՝ արտակարգ դրության ավարտից հետո ուսման վարձավճարների վճարման ժամանակացույց սահմանել, սակայն այն ուսանողներին, որ կցանկանան առցանց վճարում կատարել, տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը:
Հարությունյանը հիշեցրեց՝ վարձավճարները բուհերին հնարավորություն են տալիս աշխատավարձ վճարել, ուստի հնարավորության դեպքում ցանկալի է, որ վճարումներն արվեն:
«Կորոնավիրուսից հետո կյանք կա, ու այդ կյանք մտնենք ոչ թե խարխլված հիմնարկներով, այլ հիմնարկով, որ թույլ կտա ավելի արագ զարգանալ: Արդեն իսկ նշել ենք՝ սա հնարավորության ժամանակահատված է»,- ասաց Հարությունյանը:
‼️ Ուսանողական վարձերի մասին
Gepostet von Arayik Harutyunyan am Montag, 30. März 2020