Բաժիններ՝

«Տաղավարի վարձակալության համար ամիսը 32․000 դրամ ենք վճարում, բայց հիմա օդից կախված ենք»․ Վերնիսաժի աշխատակիցները՝ Քաղաքապետարանին

Երեկ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի Վերնիսաժի և վարձակալությամբ տրված այլ տարածքների մասով տնտեսվարողներին զիջումներ արվեն։ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ քաղաքապետից դեռևս պատասխան չեն ստացել։

«Դիմել ենք քաղաքապետարան, որ արտակարգ դրությունը հաշվի առնելով՝ զիջումների գնան, ասենք՝ երկու ամսվա գումարը զրոյացնեն։ Լինի գույքահարկ, հողի հարկ, թե այլ բան։ Նույն Վերնիսաժը սեփականատերեր ունի, որ քաղաքից վարձակալում են այդ տարածքը, կարող են երկու ամսվա համար նախատեսված գումարը չպահանջել։ Բակային խանութներ կան, որ ալկոհոլի, ծխախոտի լիցենզիայի համար տուրք են վճարում, կարող են իրենց էլ արտոնություն տալ»,- մանրամասնեց Միքայել Մանրիկյանը։

Վերնիսաժի աշխատակիցները, ովքեր խնդրեցին իրենց անունները չհրապարակել, մեզ հետ զրույցում ողջունեցին ԲՀԿ խմբակցության այս քայլը՝ նշելով․ «Մենք դեռևս տաղավարների համար նախատեսված գումարը չենք վճարել, ցանկանում ենք տնօրինության հետ խոսել, որ գոնե մեզ ընդառաջեն, որովհետև հիմա տուրիզմն էլ է վատ վիճակում։ Տաղավարի վարձակալության համար ամիսը 32․000 դրամ ենք վճարում, բայց հիմա օդից կախված ենք։ Արտակարգ դրությունից հետո տանելու ենք մեր աշխատանքները ցուցադրենք, բայց ոնց որ իրար ենք ցույց տալու՝ հետ գանք՝ մարդ չկա, զբոսաշրջիկ չկա։

Արդյունքում՝ անիմաստ գումարներ ենք վճարելու տեղի համար։ Գումար էլ չկա, տարվա մեջ 4 ամիս ենք կարողանում աշխատել, երբ զբոսաշրջիկների թիվը շատանում է»: Վերնիսաժի աշխատակիցները հավելեցին, որ տնօրինությունն էլ խնդիր ունի՝ իրենք գումար չտան, նրանք էլ չեն կարողանա վճարել հարկերը, հիմա գոնե բոլորին էլ ներեն։ Հարցին՝ հնարավոր չէ՞ այս ընթացքում օնլայն վաճառել ձեռքի աշխատանքները, նկարները, պատասխանեցին․ «Մենք այդ առաջարկությունն էլ ենք ուզում անել կամ Քաղաքապետարանին, կամ Կառավարությանը, որ օնլայն վաճառենք, սակայն այստեղ տեղափոխման խնդիր կա․ մեկ կիլոգրամի տեղափոխման համար 50-60 դոլար են պահանջում։ Եթե մեկ նկար ուղարկենք կամ ծանր ապրանք՝ ահագին է կազմում գումարի չափը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս