«Զգուշացեք, դռները չեն փակվում». պատմություն՝ սիրո և վարակի ու սիրով վարակված լինելու մասին
Աշխարհում տիրող իրավիճակը ոգեշնչել է ժամանակակից գրող, պահանջված հեղինակ Դավիթ Սամվելյանին նոր վիպակ գրել:
Սամվելյանի «Զգուշացեք, դռները չեն փակվում» ստեղծագործությունը, որը, գրողի բնորոշմամբ, պատմություն է սիրո և վարակի ու սիրով վարակված լինելու մասին, լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:
Վիպակը բազում խորհրդաշական տարրեր է պարունակում: Այն բաղկացած է 19 գլխից, ինչը վիրուսի անվանման՝ COVID-19-ի հետ է կապված: Գլուխներից միայն վերջինը չունի վերնագիր, բայց բոլոր հարցերի պատասխաններն ընթերցողը կգտնի հենց այդ գլխում:
«Նման ստեղծագործություն գրելու գաղափարն ավելի շուտ էր ծնվել, մինչև դեպքերը կհասնեին Հայաստան: Սկզբում պատմվածք գրելու գաղափար ի հայտ եկավ, հետո այն վերածվեց վիպակի: Գրքի հերոսները հայ և իտալացի երիտասարդներ են, դեպքերը ծավալվում են երեք պետությունում՝ Հայաստան, Չինաստան, Իտալիա: Վիպակում կնկատեք երկու հիմնական գիծ՝ անձնական հարաբերությունները և համաճարակը, և երբեմն զուգահեռները խաչվում են»,-ասում է Դավիթ Սամվելյանը:
Գրողի խոսքով՝ սահմանափակ տպաքանակով լույս տեսած «Զգուշացեք, դռները չեն փակվում» գրքի վրա աշխատել է երկու ամիս:
Վիպակում հեղինակը ներկայացրել է տարբեր ազգերի ազգային առանձնահատկությունները, ժամանակակից աշխարհի իրավիճակը, դրական ու բացասական կողմերը: Ընթերցողը կգտնի իտալական, հայկական, չինական միջավայրերի նկարագրություններ:
«Վիպակում գործողությունների ծավալման ողջ ընթացքում հանգուցալուծման բանալիներն առկա են, ընթերցողը պետք է պարզապես ուշադիր լինի վերջաբանը գուշակելու համար: Գիրքը վերջանում է պորտուգալացի գրող Ժոզե Սարամագոյից մեջբերումով: Այն հասկանալու համար ընթերցողը կա՛մ պետք է պորտուգալերեն իմանա, կա՛մ թարգմանի նախադասությունը»,-նշում է Դավիթ Սամվելյանը:
Դավիթ Սամվելյանը հինգ գրքերի հեղինակ է՝ ‹‹հակաՔԱՂԱՔական››, ‹‹Ռոդենի ձմեռը››, ‹‹Լուսե Երազ››, ‹‹Նա և նրա››, ‹‹Արտագաղթած կարոտ››: Նրա գրքերը մեծ պահանջարկ և ժողովրդկանություն են վայելում: Սամվելյանի ստեղծագործությունները պարբերաբար հայտնվում են Հայաստանում ամենավաճառվող ժամանակակից գրքերի ցանկերում: