Բաժիններ՝

Ոստիկանների կողմից անձին ենթադրյալ խոշտանգելու և նվաստացնելու գործողությունները պետք է ստուգվեն քրեական վարույթի շրջանակում․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մարտի 28-ին թեժ գծի ահազանգ է ստացել 48-ամյա Տիգրան Կարապետյանի ենթադրյալ խոշտանգման մասին, որով իրականացվել են անհրաժեշտ գործողություններ. մասնավորապես, կապ է հաստատվել փաստաբանի հետ, ով պնդել է իր վստահորդին ոստիկանությունում ծեծի ենթարկելու, անձի նկատմամբ նվաստացնող գործողություններ կատարելու մասին տեղեկությունները:

Ինչպես հաղորդում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այս հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 28-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ հանձնարարել է ստուգել մանրամասները և հավաստիացրել, որ բոլոր հարցերը կլինեն իր ուշադրության կենտրոնում։ Ոստիկանապետը տեղեկացրել է նաև, որ հարուցված է քրեական վարույթ։

«Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ հարցերը պետք է անմիջական ստուգման ենթարկվեն քրեական վարույթի շրջանակում։ Պաշտպանի հանձնարարականով հարցը կգտնվի աշխատակազմի ուշադրության ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 27-ին ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ ոստիկանները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային և ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը:

Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և հնչեցրել են հայհոյանքներ: Անձը պարզելու նպատակով, ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել բաժին։

Վարորդը դիմադրելով՝ բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ ձախ աչքի կոպի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք: Քաղաքացիները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ժամը 5․25-ին, մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և ներկայացվել տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Ստուգվել է նրանց սթափության աստճանը: Պարզվել է, որ բերման ենթարկվածները գտնվում են ալկոհոլային հարբածության վիճակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս