Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ: Ինչպես հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Ցավով տեղեկացա լեհ մեծանուն կոմպոզիտոր և երաժշտարվեստի ռահվիրա Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան մասին: Նա հիրավի 20-րդ դարի, ինչպես նաև մեր դարաշրջանի երկու տասնամյակների դասական երաժշտության ամենակարկառուն ներկայացուցիչներից էր: Պենդերեցկու ստեղծագործություններին քաջածանոթ էին աշխարհի բոլոր անկյուններում, իսկ դրանց կատարումներով հանդես էին գալիս հայտնի նվագախմբեր և մենակատարներ: Դրա վառ վկայություններն են բազմաթիվ միջազգային երաժշտական մրցանակները և պետական ու հանրային մակարդակով դրսևորված գնահատանքը:
Տաղանդաշատ ստեղծագործողը սերտ կապեր էր պահպանում իր նախնիների հայրենիքի` Հայաստանի հետ և տարբեր առիթներով այցելում: Նրա ներդրումը համաշխահային երաժշտարվեստին մշտապես հավուր պատշաճի գնահատվել է նաև Հայաստանում:
Պենդերեցկու հսկայական երաժշտական ժառանգությունը վստահաբար կշարունակի ապրել` հարստացնելով մեզանից յուրաքանչյուրին»: