Ինչ կանխատեսումներ կան կորոնավիրուսի թուլացման վերաբերյալ. Պարզաբանում է Արսեն Թորոսյանը
Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ունե՞ն կանխատեսումներ, թե արտակարգ դրության պայմաններում ե՞րբ կորոնավիրուսը կհասնի իր պիկին և կսկսի թուլանալ, պատասխանեց, որ նման կանխատեսում չունեն, սակայն մոտավորապես տեսնում են աճի տեմպը:
«Իհարկե, այս տեմպը բոլորն են տեսնում, քանի որ այդ ամենը հրապարակային է, և հույս ունենք, որ, եթե նույնիսկ այս աճի տեմպը պահպանվի, ապա դա բարենպաստ աճի տեմպ է, քանի որ տոկոսային հարաբերակցությամբ նախորդ դեպքերի վրա հարաբերելով՝ շատ ավելի փոքր տոկոսով է աճում ամեն օր, նույնիսկ բացարձակ թվով է, ամեն օր փոքր թվով աճում: Մենք վերջին 4 օրերի ընթացքում ունեինք՝ կիրակի՝ 4 դեպք, երկուշաբթի՝ 40, երեքշաբթի՝ 30, և չորեքշաբթի՝ 25 դեպք: Եթե այս տրամաբանությամբ գնանք, ինչը նաև արդյունք է մեր հետաքննությունների և բազմաթիվ մեկուսացումների, որովհետև մենք չենք թողնում, որպեսզի մարդիկ միմյանց հետ շփվեն, միգուցե այս մեկ շաբաթվա ռեժիմի խստացումը նպաստի, որպեսզի վարակվածների թվի աճի զսպում ունենանք:
Իհարկե, այլ գործոններ էլ կան, չենք մոռանում եղանակի մասին, որը մեզ այսօր մի քիչ «քաշում» է, ուշ է տաքանում, մի քիչ որ շուտ տաքանար, ավելի լավ կլիներ, որովհետև ազատ ու տաք միջավայրում վիրուսը երկար չի դիմանում: Փորձելու ենք մեծ պիկ չունենալ, որովհետև եթե ունենանք այնպիսի պիկ, ինչպիսին է Իտալիայում կամ Իրանում, ապա դրանք աղետալի պիկեր են լինելու երկրի համար, թե՛ առողջապահական, թե՛ հումանիտար առումով, և մեր բոլորիս պարտքն է այդ պիկը թույլ չտալը: Սա ինչ-որ մեկի կամ ոլորտի պատասխանատվությունը չէ միայն, այլ ամբողջ երկրի քաղաքացիների, պետության, Կառավարության»,- ասաց Արսեն Թորոսյանը: