«Եթե քաղաքացիների կողմից պարոն Մարուքյանն արժանացել է ձեռառնոցիի, գուցե դեմագոգիկ հայտարարություններ անելուց առաջ մտածի». Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, որ երբ տատիկ-պապիկներին ասում են՝ առավոտյան ժամը 10-12-ին գնացեք խանութներ գնումներ անելու, նրանց հարցրե՞լ են՝ գումար ունե՞ն գնումների համար, կամ, երբ ասում էին՝ Իրանի հետ սահմանը պետք է փակել, իրենց ձեռ էին առնում, նշեց, որ Իրանից եկած միայն մեկ քաղաքացի է վարակված եղել, որն էլ գտնվել է վերահսկողության տակ:
«Այսպես ասած, Իրանի ճյուղ մենք Հայաստանում չունենք, կա արտադրամասի ճյուղ, որը Իտալիայից ժամանած քաղաքացու աշխատանքի հետևանքով է առաջացել, որը եղել է ոչ պատշաճ վարքագծի հետևանք: Անել հայտարարություն և չունենալ նորմալ տեղեկատվություն՝ սրա հետևանքով է, որ ձեռ են առնում, չնայած ես չեմ տեսել, որ իմ գործընկերները ձեռ առնեն, բայց եթե քաղաքացիների կողմից պարոն Մարուքյանն արժանացել է ձեռառնոցիի, գուցե ամպագոռգոռ և դեմագոգիկ հայտարարություններ անելուց առաջ մտածի, որ նման հայտարությունները կարող են նաև նման արձագանք ունենալ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է տատիկ-պապիկների մասով արած հայտարարությանը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ծերերի հետ կապված՝ ամբողջ աշխարհում էլ կա խնդիր, Հայաստանում ծերերի թոշակները բարձրացրել են, այն տանում-հասցնում են նրանց բնակարաններ:
ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, որ այս իրավիճակում իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունն այդքան էլ ճիշտ չէ, մասնավորապես՝ կապված վարկային քաղաքականության հետ:
Ա. Սիմոնյանի խոսքով՝ կողքից խորհուրդներ տալը միշտ էլ հեշտ է, ավելին՝ իրենց չի հետաքրքրում, թե ինչ է ասում այս կամ այն ընդդիմախոսը, քանի որ կա փաստ, որ Հայաստանում ամբողջ ինֆորմացիան հասցվում է հանրությանը, իրավիճակը մաքսիմալ վերահսկվում է, և դեռևս չկան ծայրահեղ դեպքեր:
«Ուզում եմ ասել, որ որևէ մեկը կաշի քերթելով բյուջե չի լցնում, ինչպես ասել էր Գագիկ Ծառուկյանը, մարդիկ դուրս են եկել ստվերային դաշտից, իրենց վճարներն անում են, և 100-ի հասնող ծրագրեր կան տարբեր բիզնեսների համար: Այսօր Հայաստանն ամենալավ մակարդակով է դիմակայում»,- հավելեց Ալեն Սիմոնյանը:
Նա նաև ընդգծեց, որ պետությունն ամեն ինչ անելու է, որպեսզի հեշտացնի բիզնեսի գործունեությունը, քանի որ չգիտեն, թե այս ամենը որքան է տևելու.
«Սա կարող է շատ երկար տևել, սա պատերազմին հավասար մի բան է, մենք այսօր գտնվում ենք այդ դրության մեջ, պետք է մտածենք և ռեսուրսներն օգտագործենք այնպես, որպեսզի կարողանանք մաքսիմալ երկար դիմակայել»: