Բաժիններ՝

«Աշակերտների որոշ հատվածի մոտ բացակայում են սարքերը կամ ինտերնետ հասանելիության խնդիր կա». Արայիկ Հարությունյան

Հեռավար դպրոցական ուսուցումն առավել մեծ թվով երեխաների համար հասանելի դարձնելու նպատակով Ազգային ժողովի համակարգիչներից 85-ը կտրամադրվեն դրանց կարիքն ունեցող դպրոցներին (համաձայն ԿԳՄՍ նախարարության կողմից կազմվելիք ցանկի), որոնք էլ իրենց հերթին՝ դրանք կփոխանցեն համապատասխան տեխնիկական միջոցներ չունեցող ընտանիքներին։ Նման որոշում մարտի 24-ին կայացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Մեր երեխաների կրթության ապահովումը նույնիսկ արտակարգ դրության պայմաններում մեր բոլորի հոգածության ամենակարևոր առարկաներից մեկը պիտի լինի»,- ասված է Արարատ Միրզոյանի տարածած հայտարարության մեջ։

ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ կգտնվեն նաև մեծ թվով պետական ու մասնավոր կազմակերպություններ և անհատներ, որոնք ևս կմիանան ակցիային ու իրենց աշխատող, բայց չօգտագործվող համակարգիչները կնվիրեն դրա կարիքն ունեցող երեխաներին։

168.am-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հետաքրքրվեց, թե ո՞ր մարզերում, դպրոցներում կա համակարգիչների խնդիր, ավելի շատ ուսուցիչների՞ շրջանում է, թե՞ աշակերտների: Նրանք պատասխանեցին, որ այս պահին ճշտում են մարզերում ընդգրկվածության աստիճանը, դրանից հետո նոր պարզ կլինեն հետագա քայլերը։

ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով վերոնշյալ խնդրին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին, թե դասապրոցեսի կազմակերպման համար կան տեխնիկական խնդիրներ, մարդիկ չունեն համակարգիչներ, շատ տեղերում կա ինտերենտի հասանելիության խնդիր, սրանք ինչպե՞ս է հնարավոր լուծվել, տեղեկարցեց, որ այսօր ամփոփել են մեկ շաբաթյա հեռավար դասապրոցեսը, և մարզերից ստացված տեղեկությունների համաձայն՝ աշակերտները 80 տոկոսով ներգրավված են, ինչը հավասար է հունվար-փետրվար ամիսներին դպրոցների միջին հաճախելիությանը։

«Ըստ էության, մենք մեծամասնությամբ կարողացել ենք ներգրավվածությունն ապահովել, բայց կան խնդիրներ․ աշակերտների որոշ հատվածի մոտ բացակայում են սարքերը կամ ինտերնետ հասանելիության խնդիր կա։ Դոնորների հետ վաղը հանդիպում ունենք՝ սարքերի հետ կապված, բացի այդ՝ շատ անհատներ և կազմակերպություններ դիմել են մեզ՝ նշելով, որ կարող են համակարգիչներ և համապատասխան սարքեր տրամադրել։ Ինտերնետ հասանելիության վերաբերյալ տեղեկություններն էլ հավաքում ենք։ Օպերատորների հետ խոսել ենք, որտեղ որ խնդիր կա՝ պատրաստվում ենք լուծել։ Օրինակ՝ մոտավորապես յոթ տասնյակ սարքերի կարիք կա Շիրակի մարզում»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել: Երկրի ուսումնական հաստատություններն անցել են հեռավար ուսուցման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս