Նախագահի և դեսպանի հանդիպման արարողակարգը նախապես համաձայնեցված է եղել. infocheck.am
Ինչպես հայտնի է՝ օրերս նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել էր Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին:
Հայաստանի նախագահը և Չինաստանի դեսպանը, մասնավորապես, անդրադարձել էին իրենց երկրներում նոր տեսակի կորոնավիրուսի վարակի հետևանքով ստեղծված իրավիճակին և դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված քայլերին։
Լրատվականներից մեկը, օգտագործելով նախագահի աշխատակազմի տարածած լուսանկարը, որտեղ զրուցակիցները իրարից բավականին մեծ հեռավորության վրա են նստած, հայտարարել էր արարողակարգերի խախտման և «դիվանագիտական սկանդալի» մասին։
Հարկ է սակայն նշել, որ ըստ սահմանված կարգի, հանդիպման ձևաչափը, դրա ընթացքում քննարկվելիք հարցերը և արարողակարգի մանրամասները նախապես համաձայնեցվել են չինական կողմի հետ: Ավելին՝ այդ հանդիպումը լուսաբանվել է նաև չինական մամուլում: Հատկանշական է, որ նյութի հեղինակը մտքերը շարադրել է՝ վկայակոչելով ԱԳՆ-ում ունեցած ինչ-որ աղբյուրի, որի անունը, իհարկե, չի նշվում։
Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցին ի պատասխան՝ ԱԳՆ-ից հայտնեցին, որ սա առաջին անգամ չէ, որ լրատվամիջոցը փորձում է ապատեղեկատվությունը տարածել՝ հղում անելով ԱԳՆ ենթադրյալ աղբյուրներին:
«Որպես ԱԳՆ հավաստի աղբյուր՝ հարկ է նշել, որ ճղճիմ երևակայությամբ համեմված այս գործելակերպը հարիր չէ պրոֆեսիոնալ և պատասխանատու լրատվությանը՝ հատկապես այսօր, երբ կորոնավիրուսի դեմ պայքարը դառնում է միջազգային համագործակցության և համերաշխության կարևոր գործիք», – նշեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։