Արցախի Մարտունու շրջանում աշխատանքներ են տարվում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով
ԱՀ Մարտունու շրջանի բոլոր համայնքներում մի շարք միջոցառումներ են իրականացվում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում են Արցախ տեղեկատվական շտաբից։
«Կորոնավիրուսի, գրիպի և սուր շնչառական վարակների տարածումը կանխելու, ինչպես նաև շրջանում հակահամաճարակային իրավիճակը վերահսկելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ տարվա սկզբից պրոֆիլակտիկ աշխատանքներ են տարվում վերին շնչառական ուղիների հիվանդությունների տարածման կախարգելման ուղղությամբ: Ելնելով շրջանում գրիպի և սուր շնչառական վարակների արձանագրված դեպքերից՝ ԱՀ առողջապահության նախարարի հրամանով երկու օրվա ընթացքում քլորամինի և քլորակրի լուծույթներով ամբողջությամբ ախտահանվել են դպրոցներն ու մանկապարտեզները:
Շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը, տեղակալ Վադիմ Դանիելյանը, ԱՀ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ Մարտունու շրջբաժնի պետ Նորայր Լալայանը, ԱՀ ԳՀ ՍԱՊԾ որակի և օպերատիվ հսկողության տեսչության գլխավոր մասնագետ Նիկոլայ Բաբաջանյանը, Մարտունու փոխքաղաքապետ Էդիկ Ավանեսյանը շրջայց են կատարել շրջկենտրոնում, եղել առևտրի և սպասարկման կետերում, ծանոթացել բնակչության իրազեկվածությանը և տվել մի շարք ցուցումներ:
Շրջկենտրոնի ավտոկայանի հարակից տարածքում կատարվել են մեքենաների քլորամինով ախտահանման աշխատանքներ: Ախտահանվել է 18 փոքր տաքսի, 6 միկրոավտոբուս»,- նշված է հայտարարության մեջ:
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ շրջվարչակազմի կողմից ԱՀ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ Մարտունու շրջբաժնին տրամադրվել են սպիրտ և գլիցերին, պատրաստվել բավարար քանակությամբ ալկոգել՝ ձեռքերի մշակման համար և 70տոկոսանոց սպիրտ՝ որոշ ախտահանման աշխատանքներ կատարելու նպատակով, որը բաժանվել է համայնքներին և պետական հիմնարկ-ձեռնարկությունների մի մասին: Համայնքներին բաժանվել են նաև այլ ախտահանիչներ:
«Կորոնավիրուսի, գրիպի և սուր շնչառական վարակների տարածումը կանխարգելելու, ինչպես նաև շրջանի հակահամաճարակային իրավիճակը վերահսկելու նպատակով շրջանում և համայնքներում ստեղծվել են հանձնաժողովներ: Շրջանային հանձնաժողովի անդամները համայնքներում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների անցկացման նպատակով շրջայցով եղել են բոլոր համայնքներում, հանդիպել համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, աշխատակազմերի, բուժկետների աշխատակիցների հետ, ծանոթացել տեղում իրականացվող նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև իրազեկել հետագա անելիքների մասին: Հանձնաժողովի անդամները այցելել են նաև համայնքների բոլոր առևտրի, գեղեցկության և այլ սրահներ, վարսավիրանոցներ, ցուցումներ տվել աշխատողներին: Այցերի ընթացքում համայնքապետարաններին բաժանվել են սպիրտ և այլ ախտահանիչներ: Այսօրինակ այցերը պարբերաբար կրկնվելու են»,- տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից: