«Իշխանությունները, պատգամավորներն ուղիղ եթեր են մտնում և պատմում, թե ինչպես կարելի է տնից դուրս չգալ, հասկացանք, բա ինչպե՞ս այդ մարդիկ ապրեն». Էդմոն Մարուքյան
«Բոլոր այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են, ըստ էության շատ կարևոր է, որպեսզի քաղաքացիները պահպանեն: Բայց ես բազմաթիվ հարցեր ունեմ, որոնց պատասխաններն այդպես էլ չեն տրվում, թե ուղերձի մակարդակով չտրվեցին երեկ, թե այսօր և մնացած օրերի ընթացքում: Այդ հարցերը վերաբերում են մեր քաղաքացիներին ամենաշատը հուզող խնդիրներին, օրինակ՝ մարդիկ հարց են տալիս, թե հիմա չեն կարողանում իրենց վարկերը վճարել ու ամեն օր զանգեր ու հաղորդագրություններ են ստանում, չվճարելու դեպքում հայտնվելո՞ւ են «սև ցուցակում», այս մասին մարդկանց որևէ բան չի ասվում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա, որևէ մեկը չի ասում` արդյո՞ք եղավ որևէ լուծում, որպեսզի մարդիկ իրենց վարկերի մուծման ժամկետները երկարացնեն:
Նա նաև հարց բարձրացրեց, որ այսօր օրավարձով աշխատող բանվորների, տաքսիստների և այլոց ապրուստի խնդիրը որևէ կերպ լուծվելո՞ւ է, թե՞ ոչ:
«Աշխարհում չկա որևէ երկիր, որը կարող է մարդկանց ասել՝ նստեք տանը, և նրանց հացի խնդիրը չլուծի: Կոմունալ վճարների դեպքում ևս պետք է լուծումներ տրվի, այս պահին Կենտրոնական բանկում պետությունը մեր վճարած հարկերի հաշվին ունի 377 մլրդ դրամ, դա մեր ժողովրդի փողն է, հիմա գոնե այն թիրախային խմբերին, որոնք օրավարձով են ապրում, պետությունը պետք է աջակցի՞, թե՞ ոչ, սրա մասին որևէ խոսք չկա: Իշխանությունները, պատգամավորներն ուղիղ եթեր են մտնում և պատմում, թե ինչպես կարելի է տանից դուրս չգալ, հասկացանք, բա ինչպե՞ս այդ մարդիկ ապրեն: Տատիկ-պապիկներին ասվել է, որ ժամը 10-12-ը կարող են գնալ խանութ, բայց ինչ-որ մեկը նրանց հարցրե՞լ է, փող ունե՞ն, որ գնան խանութ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա նաև ընդգծեց, որ այս պահին դադարեցրել են բազմաթիվ շինարարություններ, որտեղ մարդիկ օրավարձով աշխատել են, այժմ մեկ շաբաթ չեն աշխատելու, և հարց է առաջանում, թե ինչպես են ապրելու:
«Բան չեն ասում, միայն ասվել է, որ Բաբելոնին հաղթել ենք, հիմա, որ օրավարձով ապրող մարդուն ասենք՝ Բաբելոնին հաղթել ենք, սա նրան ի՞նչ է տալու, այս խնդիրներն իշխանությունները շատ արագ պետք է հասցեական արձանագրեն: Օրինակ՝ հիմա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը գիտի, թե քանի օրավարձով մարդ է տանը նստած և չի կարող ապրել: Երբ մենք ասում էինք՝ Իրանի հետ սահմանը փակեք, ձեռ էին առնում»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը: