Լրագրողների համար տեղաշարժման թերթիկ պարտադիր չէ, եթե ունեն «բեյջ». փոխոստիկանապետ
ՀՀ-ում նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելումը սահմանափակելու համար երեկ՝ մարտի 24-ին, պարետ Տիգրան Ավինյանը ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումներ հաստատելու վերաբերյալ որոշում էր ստորագրել:
Որոշման համաձայն՝ այսօրվանից քաղաքացիները կարող են տնից դուրս գալ միայն անձը հաստատող փաստաթղթի և տեղաշարժման լրացված թերթիկի առկայության դեպքում:
Այսօր փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը հայտարարեց, որ լրագրողների դեպքում տեղաշարժման թերթիկի առկայությունը պարտադիր չի, եթե նրանք իրենց մոտ ունենան «բեյջ» և դա ցույց տան ոստիկաններին:
«Լրագրողներն իրենց բեյջերը եթե ցույց տան, այդ թերթիկը պարտադիր չէ: Մենք այդպես ենք հրահանգավորել: Եթե լրագրող է և բեյջ ունի, մենք իրեն ուղղակի ամենաշատը կարող ենք օժանդակել, օգնել»,- ասաց փոխոստիկանապետը: