
ԶԼՄ-ն կրկին կտուգանվի, եթե տուգանք վճարելուց հետո չհեռացնի խնդրահարույց հրապարակումը. ԱՆ

Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ նոր կորոնավիրուսով պայմանավորված երկրում հայտարարված Արտակարգ դրության պայմաններում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182.3 հոդվածի 8-րդ մասին, որն օրեր առաջ ԱԺ-ում երկրորդ ընթեցմամբ և վերջնականապես ընդունվեց: Դրանով հստակեցվել է ԶԼՄ-ների (լրատվական գործունեություն իրականացնողների) կողմից Արտակարգ դրության ժամանակ կառավարության որոշմամբ սահմանված կանոնները չպահպանելու դեպքում առաջացող պատասխանատվությունը:
Օրենքը նախատեսում է լրատվական գործունեություն իրականացնողների կողմից Արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկատվության կանոնները չպահպանելու դեպքում տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով:
Այդուհանդերձ, լրատվական գործունեություն իրականացնողները չեն կարողանա չհեռացնել հրապարակումը և վճարել տուգանքը: Այդ դեպքում կկիրառվի կրկնակի տուգանքի մեխանիզմը:
«Չենք բացառել այն դեպքերը, երբ, օրինակ, լրատվական գործունեությունն իրականացնողը հրապարակի որոշակի տեղեկություն, ենթարկվի վարչական պատասխանատվության, բայց վարչական տույժի կիրառումից հետո կրկին չհեռացնի այդ հրապարակումը: Այս դեպքում ևս վրա է հասնելու վարչական պատասխանատվություն: Այդ դեպքում նախատեսված է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 500-1.000-ապատիկի չափով»,- ասաց Արփինե Սարգսյանը: