
ՔԿՀ-ում իրականացվել են կորոնավիրուսի թեստավորումներ, արդյունքները եղել են բացասական. ԱՆ

Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանի փոխանցմամբ՝ Արդարադատության նախարարությունն Առողջապահության նախարարության հետ համատեղ ձեռնարկել և շարունակում է ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը սահմանափակելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ Քրեակատարողական հիմնարկներում։ Իրականացվում են ախտահանիչ նյութերով մաքրումներ ՔԿՀ-ների ոչ միայն՝ աշխատողների համար նախատեսված հատվածներում, այլև՝ բնակելի գոտիներում, որտեղ գտնվում են դատապարտված անձինք, նաև կալանավորները:
«Դատապարտված անձանց և կալանավորների շրջանում իրականացվում են բացատրական աշխատանքներ, որոնց միջոցով նրանք հիգիենայի կանոնները պահպանելով և նաև կրճատելով շփումն այլ դատապարտյալների և կալանավորված անձանց հետ՝ կարող են խուսափել հնարավոր վարակի դեպքերից»,- ասաց Արփինե Սարգսյանը:
ԱՆ ներկայացուցիչը տեղեկացրեց նաև, որ այս պահին ՔԿՀ-ներում կա 14 Էլեկտրոնային ջերմաչափ, ՔԿՀ-ներից դուրս եկող դատապարտյալներին, կալանավորված անձանց և ուղեկցող ստորաբաժանումների անդամներին տրամադրվում են դիմակներ, ձեռնոցներ: Արփինե Սարգսյանը վստահեցրեց նաև, որ այս պահի դրությամբ ՔԿՀ-ներում իրավիճակը վերահսկելի է:
«Անհրաժեշտության դեպքում իրականացվել են թեստավորումներ, սակայն պետք է ուրախությամբ նշեմ, որ արդյունքները եղել են բացասական»,- նշեց Ա. Սարգսյանը: