
Համայնքները կկարողանան կապիտալ ծրագրերը համաֆինանսավորել ֆոնդային բյուջեից

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համայնքներին հնարավորություն տալ ֆոնդային բյուջեից համաֆինանսավորել կապիտալ ծրագրերը:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ մարտի 25-ի նիստում ստացավ 115 «կողմ» ձայն:
Նախագծով համայնքներին հնարավորություն է տրվում իրենց ֆոնդային բյուջեից համաֆինանսավորել կապիտալ ծրագրեր կամ կապիտալ ակտիվի ձեռքբերում՝ պայմանով, որ դրա արդյունքում ձևավորվող, փոփոխության ենթարկվող և ձեռք բերվող կապիտալ ակտիվները սեփականության իրավունքով հաշվառվեն համայնքի հաշվեկշռում: Համայնքները գործող կարգավորմամբ ներկայում էլ կապիտալ ծախսեր անում են, սակայն առանց համաֆինանսավորման: Ֆոնդային բյուջեից ներկայում կարելի է անել կապիտալ ծախսեր, կապիտալ ակտիվներ ձեռք բերել՝ միայն եթե դա մեկ ծրագրի շրջանակում է: Նախագծով հնարավորություն է տրվում, որ ծրագրերը համաֆինանսավորվեն: