Համայնքի ղեկավարը, առանց ավագանու որոշման, կշարունակի գույք նվեր ստանալ. «Իմ քայլը»  չընդունեց «Լուսավոր Հայաստան»-ի նախագիծը

Ազգային ժողովը դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցին:

Նշենք, որ այս նախագծով առաջարկվում էր պարտադիր դարձնել համայնքի ավագանու որոշումը՝ համայնքին կատարվող նվիրաբերությունների հարցում:

«Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած այս նախագիծը զրկում էր համայնքի ղեկավարին՝ առանց ավագանու որոշման որևէ նվիրաբերություն ընդունելու հնարավորությունից:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը նշեց, որ կան մի շարք իրավական և բովանդակային խնդիրներ, որոնցից մեկով, օրինակ, պարզ չէ, թե ինչպես է մարաթոնների և դրամահավաքների ժամանակ պարտադիր ապահովվելու ավագանու որոշում:

Կարապետյանի այս դիտարկմանն ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգաավոր Անի Սամսոնյանն ասաց, որ մարաթոնների և դրամահավաքների հարցը թափանցիկ է և այս նախագծով չի էլ կարգավորվում, հետևաբար՝ բերվում են իրավիճակային պատճառներ՝ նախագիծը չընդունելու համար:

Կողմ՝ 36, դեմ՝ 77 ձայների հարաբերակցությամբ  նախագիծը չընդունվեց:

 

Տեսանյութեր

Լրահոս