Ոստիկանները բացահայտել են «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ տնօրենի ապօրինությունները
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2014-ից 2020 թվականներին օտարերկրյա «Համաշխարհային հատուկ օլիմպիադաներ» կազմակերպությունից, Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, ինչպես և այլ կազմակերպություններից «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությանը փոխանցվել է ընդհանուր 80 միլիոն 680 հազար դրամից ավելի գումար՝ հաշմանդամային սպորտին առնչվող ծրագրերի շրջանակներում։
Քննությանը հայտնի տվյալներով՝ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության տնօրենը հիշյալ գումարներից իր անձնական բանկային քարտին փոխանցելու եղանակով յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 34 միլիոն 430 հազարից ավելի դրամ։
Բացի այդ, պարզվել է, որ տնօրենը 2015-2016 թվականներին կանխիկացրել և յուրացման եղանակով հափշտակել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաներից երկուսի մարզիչի՝ ՀՀ Նախագահի կողմից որպես անվանական թոշակ նշանակված գումարներից 960 հազար դրամը։
Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։