Տավուշի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը, յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս իրազեկում հասարակությանը, ինչը նույնպես զգոնության կոչ է:
Մարտի 20-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Վարագավան համայնքի վարչական տարածքից բաժին բերման ենթարկեցին առանց պետհամարանիշերի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա:
Պարզվեց` մեքենայի 25-ամյա վարորդը, որ նշված համայնքի բնակիչ է, եղբոր հետ «Խուց փոս» կոչվող տարածքում երկու հացենի էր հատել: Բայց մեքենայով տեղափոխել չէին հասցրել` ոստիկանները բռնել էին:
Փայտանյութը հանձնվել է Արծվաբերդի անտառտնտեսությանը:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ հաջորդ օրը ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները բացահայտեցին: Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, մարտի 21-ին ոստիկանները Բերդ-Ճամբարակ ճանապարհին ստուգեցին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 25-ամյա բնակչի փայտանյութով բեռնված, առանց համարանիշի «ՈւԱԶ» մակնիշի մեքենան:
Վարորդը հայտնել է, որ հաճարենու փայտանյութը ձեռք է բերել Արծվաբերդի անտառտնեսության տարածքից և վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:
Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր: