Բաժիններ՝

Աստված ամենատես է և ամենագետ. նրա կողմից թվացյալ ուշացած պատասխաններն էլ պետք է վստահ լինենք, որ ճիշտ ժամանակին են

Երբեմն, հանդիպելով զանազան փորձությունների և դժվարությունների, գիտակցաբար նետվում ենք դրանց մեջ՝ կարծելով, թե Աստված ամենուր մեզ հետ է և կփրկի մեզ բոլոր իրավիճակներում։ Անշուշտ, տեղին է մեր այս մտածումը, քանի որ Աստված մեզ ասում է՝ կանչիր ինձ և ես կգամ։

Սակայն այս հարցում բաց ենք թողնում մի կարևոր հանգամանք։ Աստված երբևէ չի կամենում փորձվել մեր կողմից, նա ցանկանում է մեզ տեսնել նրան անշահախնդրորեն վստահելիս և հավատալիս, և այդ դեպքում է, որ տալիս է մեր փորձությունների լավագույն ելքերը։ Հիշենք աստվածաշնչյան դրվագը, երբ սատանան Քրիստոսին ասում է. «Եթե Աստծու որդի ես, քեզ ցած նետիր, քանի որ գրված է. «Նա իր հրեշտակներին կհրամայի քեզ համար, և նրանք իրենց ձեռքերի վրա կտանեն քեզ, որ ոտքդ երբեք քարի չխփես»» (Մատթ. 4։6), Քրիստոս նրան պատասխանում է․

«Գրված է՝ քո Տեր Աստծուն պիտի չփորձես» (Մատթ. 4։7) ։ Սատանայից մի քանի փորձություններ անցնելով՝ Քրիստոս մնաց հրեշտակների հետ, ովքեր ծառայում էին նրան։

Հավատացյալներիս համար հարց է առաջանում՝ ինչպե՞ս, ուրեմն, իմանալ, որ Աստված մշտապես մեր կողքին է և լսում է մեզ։

Պատասխանը յուրաքանչյուրը պետք է իր հոգում փնտրի։ Սակայն հարկ է նախ հասկանալ՝ խորհելով այս մասին, կասկածելով, որ Աստված միշտ մեր կողքին է, արդյոք կրկին չե՞նք սկսում փորձել Տիրոջը։

Աստված ինքը Սեր է, նա սիրում է յուրաքանչյուրին, քանի որ ինքն է Արարիչը, ստեղծողը։ Եվ եթե աստվածային սերը պահենք նաև մեր մեջ, մեր հոգիներում վառենք այդ աստվածային լույսը, վստահ կարող ենք լինել, որ կրում ենք Աստծուն մեր մեջ։

Աստված ինքը չէ, որ հետևում է մեզ, այլ մենք պետք է հետևենք նրան, պահենք նրան մեր հոգիներում, աղոթենք, զղջանք և ապաշխարենք, խնդրենք նրանից օգնությունը մեր դժվարությունների մեջ։ Պատասխանն, անշուշտ, չի ուշանա, քանի որ Աստված ամենատես է և ամենագետ։ Եվ երբեմն նրա կողմից թվացյալ ուշացած պատասխաններն էլ պետք է վստահ լինենք, որ ճիշտ ժամանակին են։

Խորհելու այլ առիթ է, սակայն, թե արդյո՞ք պետք է Աստծուն փնտրել, աղոթել և հիշել  միայն մեր դժվարությունների ժամանակներում։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս