Զովունի գյուղի բնակարաններից մեկում գողություն է կատարվել
Մարտի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Զովունի գյուղի բնակարաններից մեկում գողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ անհայտ անձինք կոտրել են մուտքի դուռը, բնակարանից գողացել հեռուստացույց ու համակարգչի էկրան:
Բայց սա ամենը չէր: Հանցամիտները նույն շենքի շքամուտքից ու խորդանոցներից հափշտակել էին բջջային հեռախոս, գազի գլանանոթ ու կենցաղային ապրանքներ: Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց: Քրեական հետախույզները օպերատիվ հարցումներ իրականացրին:
Համայնքային ոստիկաններին ցուցում տրվեց ակտիվացնել բնակիչների հետ շփումը: Եվ հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից մեկ օր անց կասկածյալները հայտնաբերվեցին: Տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարած լինեն Քանաքեռավան գյուղի 29 և 22 տարեկան երկու բնակիչ:
Մարտի 11-ին կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության Նաիրիի բաժին: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ գողություններին մասնակցել է նաև Քանաքեռավան գյուղի 28-ամյա մի բնակիչ: Մարտի 12-ին նա նույնպես բերման ենթարկվեց բաժին:
Կասծավողները խոստովանել են, որ Զովունիում կատարած գողություններից բացի, գաղտնի հափշտակություններ են արել նաև Կոտայքի մարզի այլ համայնքներում: 28-ամյա տղամարդու տան խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են:
Բերման ենթարկված տղամարդիկ կալանավորված են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: