
«Ռազմաուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը չդադարեցնելու ծանրակշիռ պատճառ կա». Շուշան Ստեփանյան

168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարությունից փորձեց պարզել, թե կորոնավիրուսի դեպքերով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ի՞նչ իրավիճակ է ռազմական ուսումնական հաստատություններում, որտեղ ուսումնական գործընթացը դադարեցված չէ:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը նշեց, որ ռազմաուսումնական հաստատություններն ունեն զորամասի կարգավիճակ և, ինչպես բոլոր զորամասերում, ռազմաուսումնական հաստատություններում ևս խստիվ վերահսկվում է անձնակազմի շարժը, արգելված են այցելությունները, իրականացվում են համապատասխան կանխարգելիչ և ախտահանիչ միջոցառումներ, բուժզննում։
«Ինչ վերաբերում է տարբեր դասընթացների շրջանակներում մասնագիտացողներին, ապա նրանք խիստ վերահսկողության ներքո են։
Ելնելով հանրապետությունում ստեղծված իրավիճակից՝ կուրսանտների շահերից են բխում զորանոցային պայմանները, ինչը զգալիորեն նվազեցնում է վիրուսի տարածման հավանականությունը։ Բացի այդ, կուրսանտները համարվում են պարտադիր ժամկետային զինծառայողներ և մարտական պատրաստության պլանով անհրաժեշտության դեպքում պետք է կատարեն առաջադրված խնդիրները, ինչը ևս ուսումնական գործընթացը չդադարեցնելու ծանրակշիռ պատճառ է»,- նշեց ՊՆ մամուլի քարտուղարը: