COVID-2019. Աշխարհում նոր դեպքերի ամենամեծ թիվն արձանագրվել է Իսպանիայում. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 287 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացել է 11 հազար 893 մարդ: Մարտի 21-ին նկատելիորեն աճ է գրանցվել ապաքինվածների թվում. եթե առավոտյան ապաքինվածների թիվն անցնում էր 91 հազարը, ապա արդեն երեկոյան 93 հազար 617-ը:
Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 81 հազար 008 է: Մեկ օրվա մեջ այստեղ ընդամենը 41 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 47 հազար 021 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը՝ կազմելով 4 հազար 032:
Վարակվածների մեծ թվով երրորդ տեղում է հայտնվել է Իսպանիան՝ անցնելով Իրանին, այստեղ կորոնավիրուսի հաստատված 24 հազար 926 դեպք կա, մահացածները 1326-ն են: Նշենք, որ Իսպանիայում մեկ օրվա ընթացքում նկատելիորեն աճում է թե վարակվածների, թե մահացածների թիվը. նոր դեպքերի թիվն այս երկրում 3 հազար 355 է:
Գերմանիայում ևս կորոնավիրուսով վարավածների թիվն արագ է աճում. եթե առավոտյան այստեղ վարակվածների թիվը 19 հազար 848 էր, ապա երեկոյան 21 հազար 652 է (ավելացել է 1 804-ով): Գերմանիային հաջորդում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը 20 հազար 610 է, ԱՄՆ-ում վարակվածների թիվը 19 հազար 871 է: Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 12 հազար 612-ի, Հարավային Կորեայում՝ 8 հազար 799-ի, Շվեյցարիայում 6 հազար 186-ի, Մեծ Բրիտանիայում՝ 4 հազար 072-ի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրված երկրների և տարածքների թիվը 180-ից ավելի է: Կորոնավիրուսով վարակման դեպքեր հաստատվել են Նիգերիայում, Սոմալիում, Չադում, Գամբիայում, Զիմբաբվեում և այլուր:
Կանադայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1087-ի: Այս երկրում կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 13 մարդ: