Բաժիններ՝

«Ո՞ւր է դատական համակարգ, որ գործընթացը ճիշտ լինի». պահեստազորի սպան՝ Արա Մխիթարյանի գործի մասին

Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ. 168.am-ի հետ զրույցում ասաց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը, որը մշտական կապի մեջ է Մխիթարյանի ընտանիքի հետ:

Սպային ծեծելու գործով մեղադրյալներից մեկը՝ Զավեն Գրիգորյանը, մարտի 6-ին ազատ էր արձակվել 1.5 մլն գրավի դիմաց, երեկ Դատախազությունից հայտնեցին, որ չեն բողոքարկելու Վերաքննիչի կայացրած որոշումը: Կարեն Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինչ-որ քայլեր նախապատրաստվո՞ւմ են, քանի որ Զավեն Գրիգորյանի ազատ արձակումից հետո Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, պահեստազորի սպաները, գործով հետաքրքրված հասարակական գործիչները բողոքի ակցիաներ էին անցկացնում Մուրացանի հոսպիտալի և Կառավարության շենքերի առջև՝ պահանջելով արդար քննություն:

«Երկրում արտակարգ դրություն է, հիմա էն վիճակն է, որ ոչ մեկը ոչ մի բան չի կարող անել, բոլոր քայլերն արգելվում են: Ասում են՝ քննչական բոլոր գործողություններն ավարտված են, մնում է դատարանի որոշումը»,- ասաց Կարեն Հակոբյանը:

Գործով մյուս մեղադրյալը Զավեն Գրիգորյանի եղբայրն է՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը։ Երկուսին էլ  մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով: Պահեստազորի փոխգնդապետը դատական գործընթացների արդարությանը չի հավատում, պնդում է՝ ամեն ինչ արվում է հոդվածը թեթևացնելու համար:

«3-4 սպա ասում են՝ այսպես է եղել, իրենք համակարգում ինչքան ուժ ունեն, ասում են, որ տենց չի եղել: Ո՞ւր է դատական համակարգ, որ գործընթացը ճիշտ լինի: Իրանք հիմա ինչքան կարողանում են, մաքրում են, որ խմբակային չգնան: Վերջում էլ կսարքեն պատահականություն կամ ինքնապաշտպանություն, կփակեն, մի բան կսարքեն, էլի: Բայց գործը վերաբացվելու է, հենց իշխանությունը փոխվի՝ այս գործը վերաբացվելու է»,- ասաց Հակոբյանը:

Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանն արդեն 6 ամիս գտնվում է կոմայի մեջ: Դեպքի հետ կապվում է նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը: Դեպքին ներկա եղած սպաները ցուցմունք են տվել, որ նա ներկա է եղել և անգործություն է դրսևորել, դեպքի վայրում եղել է 7-8 մարդ, նրանք իրենց ցուցմունքները պնդել են նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս