Զավեն Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու Վերաքննիչի որոշումը հիմնավոր է. Դատախազությունը չի բողոքարկի
168.am-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով 2 մեղադրյալներից մեկին՝ Զավեն Գրիգորյանին, գրավի դիմաց ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Դատախազությունը բողոք չի ներկայացնելու։ Հանրային կապերի բաժնի պետի պարզաբանմամբ՝ Դատախազությունը նկատի է ունեցել հետևյալ հանգամանքը։
«Դատարանն այդ որոշմամբ հիմնավոր է համարել մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը՝ նշելով դրա հիմնավորումները, ինչը վիճարկելու բավարար հիմքերը բացակայում են: Քրեական գործով նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում, արդեն իսկ կատարվել են հիմնական բոլոր քննչական, դատավարական այլ գործողությունները, ինչի պայմաններում նշանակալիորեն նվազել են մեղադրյալի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու, ազատության մեջ գտնվելու պայմանները խախտելու ռիսկերը:
Այդ պայմանների խախտման փաստ հայտնաբերվելու դեպքում օրենքով սահմանված կարգով կրկին կներկայացվի կալանքի միջնորդություն: Հարկ եմ համարում ևս մեկ անգամ պարզաբանել, որ կալանավորումը՝ որպես խափանման միջոցի կիրառումը մեղադրյալի նկատմամբ պատժի, քրեական պատասխանատվության ենթարկելու միջոց չէ և հետապնդում է բացառապես վարույթի ընթացքում քրեական հետապնդման ենթարկվող անձի պատշաճ վարքագիծն ապահովելու, քննության բնականոն ընթացքը երաշխավորելու նպատակ»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։
Զավեն Գրիգորյանն ազատ էր արձակվել մարտի 6-ին: Նրա փաստաբան Լևոն Սահակյանը մեզ հետ զրույցում պնդել էր, որ իր պաշտպանյալը «երկաթե ալիբի» ունի: Վերաքննիչի որոշումից հետո բողոքի ակցիայի էին դուրս եկել Արա Մխիթարյանի հարազատները, պահեստազորի սպաները և գործով մտահոգ այլ քաղաքացիներ: Նրանք վստահ են, որ Զավեն Գրիգորյանը ներկա է եղել դեպքին, այնպես, ինչպես Տրդատ Սարգսյանը: Սպայի հայրը պահանջում է արդար քննություն, հակառակ դեպքում՝ դիմելու է ծայրահեղ քայլերի:
Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանն ավելի քան 6 ամիս գտնվում է կոմայի մեջ: Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով: Երկուսն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Դեպքի հետ կապվում է նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը:
Դեպքին ներկա եղած սպաները ցուցմունք են տվել, որ մարզպետը ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել են նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։