
«Էս դահլիճում մարդ կա՞, որ ասեն՝ պետք է ինքնամեկուսանաս, չհասկանա՝ ինչ պետք է անի»․ Սուրեն Գրիգորյան

«Էս դահլիճում մարդ կա՞, որ ասեն՝ պետք է ինքնամեկուսանաս, չհասկանա՝ ինչ պետք է անի»,-այսօր խորհրդարանում նման հարցադրում արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։
«Հիմա որ ասում եք՝ մեկուսացում, ինքնամեկուսացում․ արտակարգ դրություն սահմանելու մասին կառավարության որոշմամբ հստակ նշվել է, որ սահմանափակվելու է անձի ազատ տեղաշարժի իրավունքը։ Իրավունքի սահմանափակման եղանակներն ու ձևերը կարող են պարետի որոշմամբ նախատեսվել»,- ասաց նա՝ ընդգծելով՝ շատ հստակ է՝ ինչ է նշանակում՝ ինքնամեկուսանալ։
Ինչ վերաբերում է մամուլի սահմանափակումներին, նա ասաց, որ չի հասկանում այն պնդումները, թե սահմանափակումներն ունեն որոշակիության խնդիր․ «Իսկ ի՞նչ աստիճանի էին պատկերացնում, որ ասեն՝ սա գրել չի կարելի, նա գրել չի կարելի, և այդպես բոլոր տեսական տարբերակնե՞րը։ Ակնհայտ չէ՞՝ ինչը կարող է մարդկանց մոտ խուճապ առաջացնել, եթե անգամ կորոնավիրուս բառը չի պարունակում»: