Արտակարգ դրության պահանջները խախտողները կենթարկվեն պատասխանատվության։ Հրատապ փոփոխություններ՝ Վարչական իրավախախտումների և Քրեական օրենսգրքերում
Մարտի 20-ին երեկոյան 20:40 Ազգային ժողովը արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում ընդրկված էին ՀՀ Քրեական և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխություններ կատարելու՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Նախագիծը խորհրդարանում ներկայացնող Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները մշակվել են՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում ընդունվել է արտակարգ դրություն, որի հետևանքով մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքները սահմանափակվել են, սակայն որոշ սահմանափակումների դեպքում մեր օրենսդրությունը չի նախատեսում իրավական հետևանանքեր:
Ըստ փոխնախարարի՝ անձինք մեկուսացվում և ինքնամեկուսացվում են, սակայն ոչ բոլոր քաղաքացիներն են հոժարակամ կատարում Արտակարգ դրության իրավական ռեժիմի պահանջները:
Դանիելյանի խոսքով՝ քանի որ առաջիկայում նաև հանգստյան օրեր են, ուստի օրենքներում փոփոխություններն անհրաժեշտ է ընդունել հրատապ՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, սակայն նշեց, որ ԱԺ կանոնակարգը նախատեսում է արտահերթ նիստը շարունակել մինչև ժամը 23:00-ն, հետևաբար, երկրորդ ընթերցում կազմակերպելու իրավունք պատգամավորները ԱԺ կանոնակարգ օրենքով չունեն, իսկ քանի որ վաղը ոչ աշխատանքային օր է և պատգամավորներն, ըստ կանոնակարգի, չեն կարող նաև վաղը նիստ գոււմարել, հետևաբար առաջարկեց առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունել այսօր, իսկ երկրորդ ընթերցումը շարունակել երկուշաբթի օրը:
Փոխնախարարը չառարկեց՝ ԱԺ նախագահի՝ երկրորդ ընթերցումը երկուշաբթի օրը, ժամը 11:00-ին կամզակերպելու առաջարկին:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԷդմոնՄարուքյանն էլ հետարքրքվեց՝ իսկ ինչով է պայմանավորված, որ պատգամավորները կարողացել են հրատապ ներկայանալ խորհրդարան, իսկ նախարար Ռուստամ Բադասյանը՝ ոչ:
«Ես առաջարկում եմ, որ նախարարը գա: Բացի այդ, կարող են լինել հարցեր, որոնց դուք չկարողանաք պատասխանել»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը, ինչին ի պատասխան՝ փոխնախարարն արձագանքեց, որ կառավարության կողմից ներկայացուցիչ ինքն է նշանակվել և պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին:
Էդմոն Մարուքյանը խմբակցության անունից պատրաստակամություն հայտնեց մնալ, ամբողջ գիշեր էլ աշխատել և օրենքների փոփոխություններն ընդունել երկու ընթերցմամբ, քանի որ արտակարգ իրավիճակ է: Մարուքյանի այս առաջարկին դեմ էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, որը կոչ արեց հետևել օրենքի տառին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ևս կոչ արեց պահպանել ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը:
Ի վերջո, պատգամավորները քվեարկությամբ որոշեցին՝ ՀՀ Քրեական և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել այսօր, իսկ երկրորդ ընթերցմամբ քվերակությունն անցկացնել երկուշաբթի օրը, ժամը 11:00-ին: