Պռոշյան փողոցի հյուրանոցային համալիրից «Նաիրի» բ/կ էր տեղափոխվել անվտանգության աշխատակիցը. ոստիկանություն
Մարտի լույս 15-ի գիշերը Պռոշյան փողոցի մի հյուրանոցային համալիրից «Նաիրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել անվտանգության աշխատակիցը։ 25-ամյա երիտասարդը դանակահարվել էր.ախտորոշվել էր կրծքավանդակի աջ կեսի թափանցող կտրած վերք։
Դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Արաբկիրի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ միջոցառումներ՝ համագործակցելով Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։
Քննությանը հայտնի տվյալներով՝ հյուրանոցի այցելուները վիճել էին իրար հետ։ Վեճին միջամտել էր անվտանգության աշխատակիցը, որին 25-ամյա երիտասարդը դանակահարել էր։ Միջադեպի մասնակիցները, այդ թվում՝ կասկածվողը, օպերատիվ կերպով հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։
Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։