ԱՄՆ դեսպանատունը երեկվանից կասեցրել է ոչ ներգաղթային վիզաների հարցազրույցների անցկացումը. hraparak.am
Մարտի 17-ի դրությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կասեցրել է ոչ-ներգաղթային վիզաների հարցազրույցների անցկացումը։ Վիզաներին առնչվող ընթացիկ ծառայությունները կփորձենք հնարավորինս շուտ վերսկսել, սակայն այս պահին դեռեւս հստակ ժամկետներ չենք կարող նախանշել։
Այս մասին «Հրապարակի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ԱՄՆ դեսպանատնից։
Նաեւ հարց էինք ուղղել, թե ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն ի՞նչ քայլերի է դիմում կամ պատրաստվում դիմել վարակից զերծ մնալու առումով։ Ինչպես նաեւ՝ դեսպանատուն ինչպե՞ս են մարդիկ մուտք գործում՝ երկիր մուտքի արտոնագրի համար դիմողները եւ անձնակազմը՝ դիմակներո՞վ են։
Ի պատասխան հայտնեցին, որ աշխատողների ու այցելուների առողջությունը եւ անվտանգությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան համար թիվ մեկ գերակայություն են։ «Նոր կորոնավիրուսի շուրջ ստեղծված այս իրավիճակում մենք ձեռնարկում ենք համապատասխան նախազգուշական միջոցներ՝ առաջնորդվելով Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով։ Այդ միջոցները ներառում են մարդաշատ միջոցառումներին մասնակցելուց կամ այդպիսի միջոցառումներ կազմակերպելուց զերծ մնալը, սոցիալական շփումը նվազեցնելու նպատակով որոշ աշխատողների համար հեռահար աշխատելու հնարավորությունների ապահովումը, դեսպանատան տարածք այցելուների թվի կրճատումը եւ անհատական հիգիենայի կանոնների խստիվ պահպանումը, ինչպիսիք են օրինակ՝ հաճախակի ձեռքերը լվանալը»,-հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
Եվս մեկ հարց էինք ուղղել, թե քանի որ արտակարգ իրավիչակ սահմանելուց հետո ՀՀ սահմանը փակ է, ԱՄՆ դեսպանատունն ունի՞ դիվանագետներ, որոնք դրսում են եւ չեն կարողանում վերադառնալ Հայաստան՝ աշխատանքի։ Պատասխանել են․«Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի համավարակի գլոբալ բնույթը՝ ձեռնարկվում են համապատասխան նախազգուշական միջոցներ կապված մեր աշխատակիցների ուղեւորությունների հետ»: