Հայկական Կարմիր խաչը ներկայացրել է իր գործողություններն արտակարգ դրության ընթացքում
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ հանդիսանալով աջակցող կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում և երկրում ամենախոշոր կամավորական կազմակերպություն, ինչպես նաև ներկայացվածություն ունենալով բոլոր մարզերում և բազմաթիվ համայնքներում, մշտապես կանգնած է կառավարության և բնակչության կողքին։
Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարությունից, Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության օրերին ՀԿԽԸ-ն կիրականացնի հետևյալ ծառայությունները․
1․ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ արտակարգ ռեժիմով կգործեն Հայկական Կարմիր խաչի ընկերության Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնները (հասցեներ՝ Պարոնյան 21/1, Իսահակյան 28, էլ․ փոստ [email protected], Գավառի կենտրոնական hրապարակ, Մշակույթի տուն 52, [email protected], Դիլիջան, Մյասնիկյան 53, Մշակույթի պալատ, [email protected] ), որտեղ ՀԿԽԸ հոգեբանները կիրականացնեն կամավորների համակարգում՝ գրանցում և ուղղորդում։
2. Հաշվի առնելով, որ միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք առավել խոցելի են վարակի նկատմամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մոբիլիզացրել է իր ողջ կամավորական ներուժը՝ աջակցելու միայնակ տարեցներին ու հաշմանդամներին կենցաղային հարցերում, այդ թվում՝ գնումներ կատարելու համար, որպեսզի սահմանափակվի նրանց շփումների շրջանակը։
3․ ՀԿԽԸ կամավորները` Ծաղկաձորում և Դիլիջանում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների հետ առցանց կապի մեջ կլինեն՝ պարզելու նրանց կարիքները և փոխանցելու ոլորտային պատասխանատուներին։
4. ՀԿԽԸ խնամքի բոլոր ծառայությունները շարունակում են իրենց աշխատանքը նույն ռեժիմով։
5.Հայկական Կարմիր խաչի ընկերության թարգմանիչների ցանկը կփոխանցվի ՀՀ Առողջապահության նախարարությանը, որպեսզի նախարարության Թեժ գծով զանգահարող օտարալեզու դիմողներն ուղղորդվեն Հայկական Կարմիր խաչի ընկերություն և ունենան իրենց լեզվով տեղեկատվություն ստանալու հնարավորություն։
6․Կամավորների միջոցով հանրապետության ողջ տարածքում հանրային վայրերում (տրասնպորտային կանգառներ, մթերային խանութների և դեղատների շրջակայք, գետնանցումներ) բնակչությանը կբաժանվեն իրազեկման թռուցիկներ։
7․ ՀԿԽԸ կամավորներն առցանց հարթակներում կտարածեն իրազեկող նյութեր ու հոլովակներ։