Նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել հերթական պաշտոնյային որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ պետության համար ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու համար։ Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն։
Ստացված փաստական տվյալների համաձայն՝ 2014-2015 թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնող ՀՀ ֆինանսների նախարարության առանցքային վարչություններից մեկի պետը, հանդիսանալով պաշտոնատար անձ և իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, նշված ժամանակահատվածում վերադասի՝ ՀՀ ֆինանսների նախարարի ազգականների հետ համատեղ, ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի հիմնադիրներին նյութական օգուտ տալու անձնական և խմբային շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձին՝ մաքսային տեսուչին, 2015 թ. ցուցում է տվել անտեսել կարմիր ուղի ընթացակարգով ՀՀ ներկրված հովանավորվող ընկերության բեռները զննելու պարտադիր պայմանը։ Օգտվելով այդ ցուցումի արդյունքում տեսուչի ցուցաբերած անգործությունից՝ հիշյալ տնտեսվարող ընկերության ներկայացուցիչները Իսպանիայի Թագավորությունից և Իտալիայի Հանրապետությունից պարբերաբար Հայաստան տեղափոխված նշված երկրների արտադրության կերամիկական երեսպատման սալիկները հայտարարագրել են որպես շինարարական գիպս, նվազեցնելով մաքսային արժեքը, և ապրանքների մաքսազերծման ու հարկման համար հիմք հանդիսացող կեղծ հաշիվ-ապրանքագրերի ու դրանց տվյալներով հարկային մարմիններ ներկայացված հաշվարկների օգտագործմամբ մաքսազերծել և իրացրել են ՀՀ ներմուծված թանկարժեք շինանյութը։
Արդյունքում, ՀՀ ֆինանսների նախարարության հիշյալ պաշտոնյայի գործողությունների հետևանքով կոպիտ կերպով խախտվել են նշված բնագավառում իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջները, խաթարվել է ապրանքաշրջանառության հանդեպ հսկողության և հարկահավաքության բնագավառում պետական մարմնի բնականոն գործունեությունը, հեղինակազրկվել է պետական մարմինը, անհավասար վիճակում են հայտնվել նույնանման ապրանքներ ներմուծող տնտեսվարող սուբյեկտները և բարենպաստ պայմաններ են ստեղծվել հանցագործություն կատարելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է նյութական վնաս և առաջացել են ծանր հետևանքներ։
Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել ՀՀ ֆինանսների նախարարի հիշյալ պաշտոնյային ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա դեռևս 2018 թ. սեպտեմբերին լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հետախուզվողին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու և այլ հանցադեպերին նրա առնչությունը պարզելու ուղղությամբ։