Utair Airlines-ը դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան և մի քանի այլ երկիր
Ռուսական Utair Airlines ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Ռուսաստանից դեպի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս և Տաջիկստան:
Ինչպես հաղորդում է ռուսական Utair Airlines ավիաընկերությունը, չվերթները չեղարկվել են աշխարհում տարածված նոր տիպի կորոնավիրուսի պատճառով։
«Կասեցվել են մարտի 19-ից ապրիլի 30-ը դեպի Մինսկ և հակառակը ուղղությամբ չվերթները, մարտի 20-ից ապրիլի 30-ը դեպի Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ չվերթները, ինչպես նաև Սուրգուտ-Խուջանտ (քաղաք Տաջիկստանում)-Սուրգուտ չվերթները մարտի 18-ից ապրիլի 30-ը, Տյումեն-Բաքու-Տյումեն ուղղությամբ թռիչքները՝ մարտի 18-ից ապրիլի 30-ը»,- նշված է ավիաընկերության կայքում տեղադրված կորոնավիրուսի պատճառով դադարեցված թռիչքների մասին բաժնում:
Նույն ժամանակահատվածում դադարեցվելու են նաև Մոսկվա-Նախիջևան-Մոսկվա ուղղությամբ չվերթները։ Ավելի վաղ Utair-ը դադարեցրել էր թռիչքները Ռուսաստանից Ուզբեկստան, Բեռլին, Միլան, Վիեննա և Ռիգա:
Utair Airlines-ն առաջարկում է չեղարկված չվերթների տոմսեր գնած անձանց վերադարձնել դրանց ամբողջ արժեքը կամ փոխել դրանք մեկ այլ ամսաթվով մինչև 2020 թվականի վերջը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսի բռնկումը պանդեմիա էր հայտարարել: