«Ինչպե՞ս կարելի է մեկ շաբաթվա համար կաթնամթերք գնել. կթունավորվեն»․ Ռուբեն Հայթյան
Կառավարության որոշմամբ՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ը՝ 17։00-ն, այսինքն՝ մեկ ամիս ժամկետով, Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն՝ նպատակ ունենալով հանրապետությունում խոչընդոտել նոր կորոնավիրուսային հիվանդության՝ COVID-19-ի տարածումը։
Որոշումից հետո քաղաքացիներից շատերը շտապեցին սուպերմարկետներ՝ գնումներ կատարելու։ Պարենային մթերքների հետ՝ գնում էին թվով 5-10 մածուն, կաթ, թթվասեր, յոգուրտ։
«Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը 168.am-ի հետ զրույցում հորդորեց բնակչությանը՝ քիչ գնումներ կատարել, քանի որ շատ դեպքերում ժամկետի խնդիր կա։
«Ժամկետը կարևոր հանգամանք է։ Որքան որ կարևոր է տանը պահուստային շատ մթերքներ ունենալ, շատ ավելի կարևոր է, որ դրանց ժամկետն ավարտված չլինի։ Չի՛ կարելի 10 օրվա համար գնումներ կատարել։ Կաթնամթերքի համար ամենաշատը սահմանված է 40-72 ժամ, այսինքն՝ երեք օր։ Ինչպե՞ս կարելի է մեկ շաբաթվա համար կաթնամթերք գնել. կթունավորվեն։ Միշտ պետք է հիշեն, որ ժամկետանց սնունդն ավելի վտանգավոր է։ Լավագույն դեպքում գոնե երեք օրվա համար գնումներ կատարեք»,- հորդորեց Ռուբեն Հայթյանը։
Նա նշեց, որ կաթնամթերքի շուկայում գների թանկացում չի նկատել։
Ինչ վերաբերում է հավկիթին, ապա, նրա փոխանցմամբ՝ եթե դիետիկ ձու է, պահպանման ժամկետը մինչև 7 օր է, եթե սովորական ձու է, ապա՝ 20։