Լեհաստանը ժամանակավորապես կասեցնում է երկաթուղային և օդային ուղևորափոխադրումները
Լեհաստանի Հանրապետության կառավարությունը նոր տիպի կորոնովիրուսի տարածումը կանխելու նպատակով, համաճարակային արտակարգ դրության պայմաններում ս.թ. մարտի 14-ից որոշում է կայացրել ժամանակավորապես (նախնական 10 օրով, հետագա 20 օր և մեկ ամիս երկարաձգման հնարավորությամբ) կասեցնել երկաթուղային և օդային ուղևորափոխադրումների միջազգային ծառայությունները, արգելել օտարերկրյա քաղաքացիների մուտքը, սահմանափակել առևտրի կենտրոնների գործունեությունը և հանրային (50 հոգուց ավել) միջոցառումների անցկացումը:
Այս մասին տեղեկանում ենք Լեհաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից։
«Մինչև հետագա ծանուցումը երկրում գործելու են հետևյալ սահմանափակումները. սահմանային ամբողջական վերահսկողությունը վերաբերում է Լեհաստանի բոլոր սահմանային կետերին, արտերկրից ժամանող բոլոր այցելուները ենթարկվում են 14-օրյա տնային ինքնամեկուսացման, 10 օր (առնվազն) տևողությամբ՝հնարավոր է Լեհաստանից մեկնել միայն ավտոճանապարհային ուղիներով (ավտոմեքենայով կամ ավտոբուսով), դադարեցված է միջազգային ուղևորատար օդային և երկաթուղային տրանսպորտի գործունեությունը (սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրումներին)։ Ավտոմեքենայով կամ ավտոբուսով կարող են մուտք գործել միայն Լեհաստանի քաղաքացիները, նրանց ամուսիններն ու երեխաները, դիվանագետները, ինչպես նաև Լեհաստանի կացության կարգավիճակ (քարտ), ժամանակավոր կամ մշտական կացության, աշխատանքի վավեր իրավունք և հատուկ դեպքերի համար նահանգի կողմից տրված թույլտվություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները։ Միջազգային ավիացիոն կապերի կասեցման պայմաններում, թույլատրվում է նախկինում ծրագրված որոշ չարթերային և Լեհաստանի քաղաքացիների (վերը թվարկված օտարերկրյա քաղաքացիների) վերադարձը կազմակերպելու համար հնարավոր հատուկ թռիչքների իրականացումը դեպի Լեհաստան: Այդ նպատակով Լեհական ավիաուղիների (LOT) համապատասխան կայքում (https://lotdodomu.com/) կարելի է գրանցվել չարթերային թռիչքի համար։ 2020 թվականի մարտի 16-ի դրությամբ կասեցվել են ներքին օդային ուղևորափոխադրումները: Ներքին ավտոբուսային և երկաթուղային տրանսպորտը գործում է անփոփոխ 14 օր (առնվազն) տևողությամբ։ Երկրում փակ են արագ սննդի կետերը, սրճարանները, ռեստորանները (իրականացվում են միայն առաքման ծառայություններ), ակումբները, թանգարանները, գրադարանները, կինոթատրոնները, մարզասրահները, լողավազանները, ինչպես նաև մանկապարտեզները, դպրոցները և բուհերը։ Բաց են մթերային, ինչպես նաև այլ ապրանքների (հագուստի, զարդերի, կոսմետիկայի, գործիքների և այլն) խանութները, բանկերը, բենզալցակայանները: Առևտրի կենտրոններում (մոլ) բաց են միայն՝ բանկային մասնաճյուղերը, մթերային խանութները, դեղատները և քիմմաքրման կետերը: