
Սպիրտի և ալկոգելերի գնային փոփոխություն չկա, բարձրացել է նպարեղենի գինը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրեն զեկուցել են՝ շուկայում կորոնավիրուսի տարածումից հետո սպիրտի ու ալկոգելերի գնային փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:
«Խոսվում էր այն մասին, որ սպիրտի գինն անրտամաբանական աճ է արձանագրել: Ուզում եմ ասել, որ սպիրտի գնի աճը կապված է հարկային օրենսդրության փոփոխության հետ: Կա նվազագույն գին հասկացություն, սպիրտի այդ նվազագույն գինը փոխվել է և գնի թանկացումը կապված է բացառապես դրա հետ: Կորոնավիրուսից առաջ և հետո գնային փոփոխություն տեղի չի ունեցել: Ինձ զեկուցել են, որ ալկոգելերի գնային փոփոխություն կորոնավիրուսից առաջ և հետո տեղի չի ունեցել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ նպարեղենի գնային փոփոխություն է տեղի ունեցել, ինչը կապված է մարդկանց ճգնաժամային գնումների հետ: «Ես կոչ կանեմ մեր հայրենակիցներին՝ խուճապային ու ճգնաժամային գնումներ չիրականացնել: Խանութները, ցանցերը որևէ ապրանքի պակասություն չունեն պահեստներում: Ինձ ասում են, որ խոշոր սուպերմարկետների, ցանցերի առևտուրն աճել է, իսկ փոքր կրպակների առևտուրը նվազել է: Կոչ եմ անում չմոռանալ նաև փոքր ու միջին բիզնեսի մասին»,- նշեց վարչապետը: