Արագածոտնի մարզում ձեռնարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող մի շարք միջոցառումներ
ՀՀ Արագածոտնի մարզպետարանում մարտի 16-ին տեղի ունեցած կորոնավիրուսի (COVID19) տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկումների արդյունքում մի շարք որոշումներ են կայացվել։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել և որոշվել է, որ տեղեկատվության փոխանցման, կեղծ տեղեկատվությունը օպերատիվ կերպով բացահայտելու և հասարակության մեջ վարակի կեղծ դեպքերի ասեկոսեներով պայմանավորված անտեղի խուճապ չառաջացնելու նպատակով՝ ապահովվելու է սերտ համագործակցություն միջգերատեսչական հանձնաժողովի անդամների և ուժային կառույցների միջև: Ինտենսիվ աշխատանքներ են իրականացվելու հնարավոր վարակակիրների բացահայտման ուղղությամբ: Հայաստան ժամանած կամ ժամանող անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուն պես վերջիններս պարտադիր պետք է ենթարկվեն բուժզննման: Բուժօգնություն տրամադրելիս խստիվ բացառվելու է սիրողական և հայեցողական մոտեցումները, ցուցաբերել մասնագիտական մոտեցում:
«Արագածոտնի մարզում այս պահի դրությամբ հաստատված վարակակիրներ չկան: Այլ երկրներից Արագածոտնի մարզ է ժամանել 34 քաղաքացի, որոնք զննվել են, գանգատներ չունեն և գտնվում են հսկողության տակ: Մեկուսացվել է 2 քաղաքացի, որոնց 14-օրյա կարանտինային ժամկետը լրացել է, վերջիններս զննվել են և լիարժեք առողջ են:Արտերկրից Արագածոտնի մարզ ժամանած բոլոր անձինք ենթարկվում են պարբերական ստուգման և մշտական վերահսկողության տակ են:Ռիսկային երկրներից վերադարձածների ողջ շրջանակը պարզելու և այն պատասխանատու բոլոր օղակներին հասանելի դարձնելու համար հանձնարարվել է համագործակցել Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի հետ»,- նշել է Գևորգյանը:
Արագածոտնի մարզի ենթակայության 4 բուժհաստատությունում առանձնացվել են մեկուսացված հատվածներ, որտեղ անհրաժեշտության դեպքում հնարավոր է կազմակերպել մեկուսացում:Այս պահին այդ տեղերից ոչ մեկում մեկուսացվածներ չկան։
«Մարզն ապահովված է շտապօգնության մեքենաների բավարար քանակով: Հանձնարարվել է ձևավորել շտապօգնության երկրորդ խմբեր /բրիգադներ/, որոնք կսպասարկեն այլ երկրներից վերադարձած կամ վիրուսի ախտանիշեր ունեցող անձանց:Մարզի բուժհաստատություններն ապահովված են մեկանգամյա օգտագործման արտահագուստով և բժշկի մեկուսացումն ապահովելու համար անհրաժեշտ այլ բժշկական պարագաներով:Մարզի դեղատները և խանութները հիմնականում ապահովված են ալկոգելով և հակամանրէային ախտահանիչ նյութերով: Դրանց բացակայությունը լինում է ժամանակավոր:Հանձնարարվել է ապահովել մարզի երթուղիները սպասարկող հասարարական տրանսպորտի ախտահանումը (հանձնարարականի կատարման նկատմամբ իմ կողմից իրականացվելու է խիստ հսկողություն):Պարբերաբար բուժզննման են ենթարկվելու ջրամատակարարման ոլորտի՝ խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարների առավել մոտ գտնվող աշխատակիցներին: Հիվանդության որևէ ախտանշան հայտնաբերելուն պես մեկուսացնել և բացառել հիվանդության ախտանիշեր ունեցող անձանց աշխատանքներում ներգրավելը:Աշխատանքներն իրականացվելու են համակարգված, անհրաժեշտ է մշտական կապի մեջ լինել համայնքների ղեկավարների, բուժհաստատությունների ղեկավարների, համաճարակաբանների և միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված կառույցների աշխատակիցների հետ:Մշակվել են «Արագածոտնի մարզի մակարդակով Կորոնավիրուսային հիվանդությունների (COVID19) բերովի դեպքերով պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման» և «Արագածոտնի մարզի մակարդակով Կորոնավիրուսային հիվանդությունների (COVID19) երկրորդային դեպքերով պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման» պլանները, աշխատանքներն իրականացվում են պլաններին համապատասխան»,- գրել է Արագածոտնի մարզպետը և հավելել, որ իրենց մարզում մարզում իրավիճակը վերահսկելի է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները կորոնավիրուսի ենթադրյալ վարակակիրների մեկուսացման և վարակի տարածումը կանխելու ուղղությամբ:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցած կորոնավիրուսի (COVID19) տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստին մասնակցել են ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱԱԾ, ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ ՊԵԿ Արագածոտնի մարզային կառույցների ղեկավար կազմը, ՀՀ առողջապահության նախարարությանը ենթակա Արագածոտնի մարզային կառույցների ղեկավարները, մարզպետարանին ենթակա բժշկական կենտրոնների տնօրենները և մարզպետարանի ոլորտային պատասխանատուները: