Բաժիններ՝

Էստոնիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ իրավիճակ է հայտարարել

Էստոնիայի Հանրապետության կառավարությունը երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Այս մասին հայտնում են Էստոնիայում ՀՀ դեսպանությունից։

«Արտակարգ իրավիճակն այս պահի դրությամբ կշարունակվի մինչև 2020 թվականի մայիսի 1-ը, քանի դեռ կառավարությունն այլ որոշում չի կայացրել: Այն նաև ազդում է դպրոցների, մշակութային կյանքի և նավարկության վրա: Արտակարգ իրավիճակի ժամանակ արգելված են բոլոր հասարակական հավաքները, մարտի 16-ից բոլոր դպրոցները դադարեցնում են առկա ուսուցումը. այն կփոխարինվի տնային ուսուցմամբ: Բոլոր տարրական, հիմնական, ավագ, միջնակարգ, արհեստագործական և բարձրագույն դպրոցներին ու համալսարաններին մարտի 13-ին կտրամադրվեն ուղեցույց և նյութեր հետագա դասապրոցեսի համար: Համալսարաններում և հետազոտական հաստատություններում հետազոտությունների իրականացումը կշարունակվի»,- նշված է հայտարարության մեջ:

Մանկապարտեզների և երեխաների խնամքի հաստատությունների աշխատանքային ժամերը և կազմակերպումը կորոշեն մանկապարտեզի համար պատասխանատու տեղական մարմիններն ու իշխանությունները: Արտակարգ դրության ժամանակ քաղաքացիները ստիպված կլինեն անցնել սանիտարական ստուգումներ ցամաքային սահմանային անցակետերում, ինչպես նաև լրացնել այն ձևաթղթերը, թե երբ են նրանք մտնել Էստոնիա և որտեղ են եղել: Օդանավակայաններում և նավահանգիստներում կներդրվի սանիտարական հսկողություն, իսկ հարցաշարերը կներդրվեն նաև ցամաքային սահմանային անցակետերին: Տալլին-Ստոկհոլմ-Տալլին ուղևորատար նավի տոմսերի վաճառքը կդադարեցվի: Բեռնափոխադրող ընկերությունների հետ համագործակցության արդյունքում կմշակվեն և կիրականացվեն վիրուսի տարածումը սահմանափակող միջոցառումներ։ Էստոնիայի գրադարանները բաց են մնում միայն սահմանափակ չափով, իսկ թանգարաններն ու կինոթատրոնները փակ կլինեն այցելուների համար մինչև մայիսի 1-ը: Արգելվում են բոլոր ներկայացումները, համերգները և գիտաժողովները: Մինչև մայիսի 1-ն արգելված են նաև բոլոր մարզական միջոցառումները։ Այցելության արգելք կլինի նաև բոլոր խնամքի տներում, հիվանդանոցներում և կալանավայրերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս