Բաժիններ՝

Քայլել, ֆիզիկական վարժություններ կատարել, շփվել հեռախոսով. Հոգեբանի խորհուրդը մեկուսացված անձանց

Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով՝ ճիշտ է՝ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված՝ շատերը մեկուսացվել են, սակայն այստեղ այն իրավիճակը չէ, ինչ Իտալիայում, քանի որ Հայաստանում այդ աստիճանի խուճապ չկա՝ մարդիկ դուրս են գալիս, քայլում են, որոշ դեպքերում՝ շփվում։ «Հոգեբանական խնդիրներ են առաջանում, երբ մարդը բոլորովին մեկուսանում է, ուստի ոչինչ չի խանգարում, որ դուրս գան, մի քիչ քայլեն, իհարկե, դիմակ կրելով։ Կարող են ֆիզիկական վարժություններ անել, խոսել հեռախոսով. գոնե հեռախոսով խոսելու դեպքում վիրուսը չի փոխանցվում։ Մեկուսացման դեպքում տագնապներ են առաջանում, քանի որ, երբ մարդու մոտ չի բավարարվում բավարար շփումը, նրա մոտ խնդիրներ են առաջանում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հոգեբանը։

Ինչ վերաբերում է այս իրավիճակում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությանը և դրա հետ կապված՝ մարդկանց մոտ հնարավոր հոգեբանական խնդիրներին, Սամվել Խուդոյանն ասաց, որ արտակարգ դրությունը լայն հասկացություն է, քանի որ դեռ հասկանալի չէ, թե արտակարգ դրություն հայտարարելով՝ Կառավարությունն ինչը պետք է արգելի, ինչը՝ ոչ։

Անդրադառնալով տեսակետներին, որ այս իրավիճակում մարդիկ պետք է քիչ օգտվեն համացանցից, քանի որ այնտեղ բացասականը շատ է, Սամվել Խուդոյանը նկատեց՝ համացանցում և՛ բացասականն է շատ, և՛ դրականը։

«Համացանցում տեղեկատվություն շատ կա, հումորներ կան, ի դեպ, տագնապը կարող է ավելի շատ լինել ինֆորմացիայի քիչ լինելու դեպքում, համացանցում, ի վերջո, մարդիկ շփվում են, մարդ կա՝ դրանով է ապրում, մասնավորապես՝ տարեցները, որոնք նման կերպ բավարարում են իրենց շփման պահանջը»,- հավելեց նա։

Նա նաև ընդգծեց, որ անձամբ օրն առնվազն 40 րոպե դուրս է գալիս քայլելու, տանը ֆիզիկական վարժություններ է կատարում, նույնն էլ խորհուրդ է տալիս մյուսներին, որպեսզի մեկուսացումը շատ ծանր չտանեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս