Ավստրալիայի նահանգներն արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել կորոնավիրուսի պատճառով
Ավստրալիայի Վիկտորիայի եւ Հարավային Ավստրալիայի նահանգները, ինչպես նաեւ Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքը արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխանություններին:
Կորոնավիրուսով հիվանդացածների թիվը Հարավային Ավստրալիայում հասել է 20-ի, Վիկտորիայում՝ 71-ի: Վիկտորիայի նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսը հայտարարել է, որ արտակարգ դրության ռեժիմը կտեւի առնվազն չորս շաբաթ:
Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքում վարակման երկրորդ դեպքի մասին հայտարարումից հետո մայրաքաղաքային տարածաշրջանի գլխավոր նախարար Էնդրյու Բարրը նույնպես արտակարգ դրության ռեժիմ է սահմանել: Նա հավելել է, որ այդ միջոցառումները գլխավոր սանիտարական բժշկին թույլ կտան ձեռնարկել անհրաժեշտ բոլոր գործողությունները, որպեսզի Կանբերայի բնակիչներն անվտանգ լինեն:
Սակայն Ավստրալիայի առանձին մասերում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու ֆոնին երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը հորդորել է բնակչությանը հանգստություն պահպանել:
«Արտակարգ դրության ռեժիմը խուճապի ռեժիմ չէ»,-ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: