Դատարկ փողոցներ ու խիստ հսկողություն. ի՞նչ է կատարվում իտալական Գրոսետոյում
Չնայած դատարկ փողոցներին ու սահմանված անվտանգության խիստ կանոններին՝ իտալացիները փորձում են պահպանել զգոնությունը: Փողոցում քայլում են իրարից հեռու, խանութներում գնումներ կատարում որոշակի հեռավորության վրա: Այս մասին «Արմենպրես»-ին պատմեց ՀՀ քաղաքացի Արթուր Մայլամյանը, ով այս պահին շարունակում է մնալ Իտալիայում:
«Գրոսետոն, որը գտնվում է Տոսկանա նահանգում և ունի մոտ 70 հազար բնակչություն, այսօր դատարկ է՝ փողոցներում մարդ չկա, միայն հատուկենտ մարդիկ, ովքեր շտապում են գնումներ կատարելու: Խանութներում ու սուպերմարկետներում սնունդ կա, բայց իշխանությունները խորհուրդ են տալիս շատ գնել, որպեսի հնարավորության դեպքում կրճատվի տանից դուրս գալը»,-պատմում է Արթուր Մայլամյանը՝ ավելացնելով՝ հսկողությունը շատ խիստ է: «Իրավունք չկա փողոց դուրս գալու նույնիսկ 2 հոգով, գնումներ պետք է կատարի ընտանիքից միայն մեկ հոգի, արգելված են հավաքույթները և տնայցերը. խախտելու դեպքում սպասվում է տուգանք ու եռամսյա տնային կալանք»:
Գրոսետոյում գրանցված է կորոնավիրուսի 35 դեպք: Բոլոր հաստատությունները փակ են, աշխատում են միայն բանկերը, փոստատները, խանութները, դեղատները և ջրմուղ-կոյուղու կայանները: «Վատ զգալու դեպքում քաղաքացին չի կարող ինքնակամ միանգամից տեղափոխվել հիվանդանոց՝ թեժ գիծ զանգելուց և ախտանիշները ներկայացնելուց հետո միայն հիվանդանոցը որոշում է տեղափոխել տվյալ հիվանդին, թե ոչ: Տեղափոխվում են միայն առավել ծանր դեպքերը: Ի դեպ, այս ընթացքում սառեցված են կոմունալ վճարները և վարկերը»,-պատմում է Արթուր Մայլամյանը:
Իտալիայում ևս դեղատներում դժվարությամբ կարելի է գտնել ախտահանիչ նյութեր, ձեռնոցներ և բժշկական դիմակներ: «Արդեն որոշակի չափաբաժին ստացել ենք Չինաստանից»:
Խոսելով Հայաստան գալու մասին, Մայլամյանը նշեց, որ այս պահին վերադառնալու մասին ո՛չ ինքը, ո՛չ իր շրջապատի մյուս մարդիկ չեն մտածում: «Այո՛, իմ շրջապատում հայերն կան, բայց հիմա վերադառնալ Հայաստան կարծում ենք ճիշտ չէ՝ պետք է նաև մտածենք մեր հարազատների մասին: Ամեն դեպքում, վիրուսից չես փախչի՝ այս պահին նաև Հայաստանում ապահով չէ»,-նշել նա՝ հավելելով, պահպանում են հիգիենայի ու սահմանված անվտանգության բոլոր կանոնները, փորձելով խուճապի չենթարկվել:
Արմենուհի Մխոյան