Բաժիններ՝

Ժամանակակից կյանքի բազմաբնույթ երևույթներն ու դժվարությունները ստիպում են կնոջը լինել ավելի ուժեղ…

Բոլոր ժամանակներում մարդիկ կնոջ մեջ գնահատել ու գովաբանել են խոնարհությունը, հնազանդությունը, հեզությունն ու մայրանալու շնորհը: Կինն Աստծուց ժառանգել է արարչագործության պսակը` մարդ ծնելու և դաստիարակելու շնորհը:

Քրիստոնյա կնոջ, հայ կնոջ կամ ընդհանրապես կնոջ կերպարի մասին խոսելիս աչքի առաջ առաջին հերթին հայտնվում է Տիրամոր կերպարը։ Նրա կյանքը դարեր շարունակ ողջ մարդկության համար եղել է ներշնչանքի աղբյուր: Սուրբ կույսի կյանքը լավագույն օրինակն է բոլոր կանանց համար` լինելու հեզ, համբերատար, ուժեղ, խոնարհ և առաքինի:

Ի հակադրություն այն մտքի, թե Աստվածաշունչը տարբեր առաքելություններ է սահմանում կնոջ ու տղամարդու համար, Ս. Պողոս առաքյալն ասում է․ «Քրիստոսով խտրություն չկա տղամարդու և կնոջ միջև» (Գաղ. 3.28): Առաքյալը նաև ասում է, որ տղամարդն է կնոջ գլուխը, ինչպես Քրիստոս գլուխն է Եկեղեցու (Ա Կորնթ.1.3, Եփ.5.23): Սակայն սա չի անակում, թե տղամարդը ղեկավարն է, իսկ կինը` նրա ենթական: Ընդհակառակը, քրիստոնեական տեսակետի համաձայն` տղամարդու գլուխ լինելը նշանակում է հոգատարություն, քնքշություն կանանց հանդեպ և աջակցություն նրանց:

Այն, որ կնոջ և տղամարդու միջև խտրականություններ չկան, չի նշանակում, որ նրանց առաքելությունները նույնն են կամ մեկը մյուսից առավել է. Աստված կնոջն օժտել է մայրանալու, արարչագործությունը շարունակելու շնորհով, որը կարելի է համարել առաքելությունների առաքելությունը։

Ժամանակակից կյանքի բազմաբնույթ երևույթներն ու դժվարությունները ստիպում են կնոջը լինել ավելի ուժեղ, երկրորդական պլան մղել մայրանալու կարևորգույն շնորհը և սեփական անձի վրա փորձել տղամարու դերը, սակայն ամեն կին իր առաքինի ընթացքով պետք է արժանանա իր կոչմանը, որ Աստծո պարգևն է, իսկ այն անարատ պահելն ու պտղաբեր դարձնելը յուրաքանչյուրի բարոյական պարտականությունն է Աստծո առջև։

Քրիստոնեության մուտքից հետո կնոջ պաշտամունքն արտահայտվել է Աստվածամոր կերպարով և կնոջը նկարագրելիս միշտ որպես չափանիշ եղել է Աստվածամայրը։ Այս առումով կնոջ կերպարը դուրս է ժամանակից, չափանիշներից ու ժամանակային տենդենցներից։

Մարիամ Խաչատրյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս