«Կորոնավիրուսը ժամանակ առ ժամանակ փոխում է իր «հագուստը» և ներկայանում նոր տեսքով». Նախկին գլխավոր թոքաբան

Առողջապահության նախարարության նախկին գլխավոր թոքաբան, վաստակավոր բժիշկ Անդրանիկ Ոսկանյանի խոսքով՝ սովորական թոքաբորբն ու կորոնավիրուսը գրեթե միմյանցից չեն տարբերվում, եթե մարդը ցանկանում է  պարզել՝պարզապես թոքաբո՞րբ է, թե՞ վարակվել է կորոնավիրուսով, անպայման պետք է կորոնավիրուսի թեստ անցնի։

«Թոքաբորբի առաջին  նախանշանները բարձր ջերմությունն է, մարդը սկսում է հևոցներով շնչել, սկզբնական շրջանում հնարավոր է՝ հազ լինի, հետո հազը դառնում է խորխով։ Ընդհանուր մարդու մոտ կարող է գլխացավ էլ լինել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Ոսկանյանը։

Ըստ նրա, գրեթե այս նույն ախտանշաններն են նաև կորոնավիրուսի ժամանակ, այդ պատճառով էլ հնարավոր է՝ մարդիկ չտարբերեն՝ թոքաբո՞րբ են, թե՞ վարակվել են կորոնավիրուսով։

Հարցին՝ կորոնավիրուսը կրկվելու հատկություն ունի՞, Անդրանիկ Ոսկանյանը պատասխանեց. «Կորոնավիրուսը ժամանակ առ ժամանակ փոխում է իր «հագուստը» և ներկայանում նոր տեսքով, այս պատճառով էլ դժվար է ասել` կրկնվո՞ւմ է, թե՞ ոչ, մարդը կարող է այս անգամ վարակված լինել՝ մեկ, իսկ որոշ ժամանակ հետո՝ կորոնավիրուսի բոլորովին այլ տեսակով։ Հիմա որ ասում ենք՝ կորոնավիրուս, դա այն վիրուսն է, որը եղել է նախորդ տարի, մի քանի տարի առաջ, և այլն, ուղղակի այսօր փոխված ձևով է ներկայանում, սա այդ վիրուսի էվոլյուցիոն պրոցեսն է»։

Նա հորդորեց, քանի որ այս պահին տարածված է կորոնավիրուսը, որքան հնարավոր է քիչ շփվել մարդկանց հետո, ձեռքերը գոնե 30 րոպե ընդմիջումներով  լվանալ մաքուր ջրով, մարդկանցից պահպանել շուրջ կես մետրի հեռավորություն, որպեսզի խոսելու ընթացքում թուքը չփոխանցվի դիմացինին, այս ամենն անելուց հետո թոքաբանը նաև հորդորում է տանը նստած նորմալ կյանք վարել՝ առանց խուճապի։

«Միշտ առանձնացնում են որոշակի խմբեր և հայտարարում, թե վիրուսի համար նրանք ամենախոցելի խմբերն են, սակայն վիրուսն առանձնապես չի ճանաչում՝ մե՞ծ է, թե՞ փոքր։ Եթե մարդը հիվանդ է և ունի թույլ իմունային համակարգ, իհարկե, վիրուսը նրան ավելի շուտ կխոցի՝ անկախ տարիքից։ Բայց դե վիրուսն այնպիսի բան է, որ կարող է խոցել նույնիսկ ամենաառողջ մարդուն»,- եզրափակեց նա։

Թոքաբան Իրինա Խաչատրյանն էլ ընդգծեց, որ կորոնավիրուսը և սովորական թոքաբորբն իրենց ախտանիշներով նմանություններ ունեն, սակայն պրակտիկորեն նույնը չեն։

«Կորոնավիրուսի դեպքում առաջին հերթին պետք է ուսումնասիրեն իրենց դիմած պացիենտի շփումները, այսինքն՝ հասկանան, նա շփում ունեցե՞լ է վարակված անձի կամ արտերկրից ժամանած որևէ մեկի հետ»,- շեշտեց նա։

Նա ընդգծեց, որ, եթե թոքաբորբի ժամանակ հազը խորխով է, կորոնավիրուսի դեպքում հիմնականում բնորոշ է չոր հազը։

Նա ևս հորդորեց վիրուսից խուսափելու համար հաճախակի ախտահանել ձեռքերը, սերտ շփումներ չունենալ այլ մարդկանց հետ՝ անկախ այն հանգամանքից՝ հիվանդության ակտի՞վ փուլում են, թե՞ ոչ, քանի որ վիրուսը կարող է լատենտ ընթացք ունենալ։

Թոքաբանի խոսքով՝ այս պահին հնարավոր չէ որոշել՝ կորոնավիրուսը կրկնվելու հատկություն ունի՞, թե՞ ոչ: «Այս վիրուսը նոր է և ամբողջությամբ ուսումնասիրված չէ, այս հարցը բազմիցս քննարկվել է միջազգային հարթակներում, որի հստակ պատասխանը, կարելի է ասել, որևէ մեկը չունի: Բայց հաշվի առնելով, որ այն վիրուսային բնույթ է կրում, կարելի է ենթադրել, որ հնարավոր է՝ կրկնվի, բայց դեռ ապացուցողական բժշկության մեջ նման տեղեկատվություն չկա»,- նշեց Ի. Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս