Ինչ է պետք իմանալ նոր տեսակի կորոնավիրուսի մասին և ինչպես պաշտպանվել

Վերջին ամիսների ընթացքում աշխարհը պատուհասած կորոնավիրուսային համաճարակը՝ COVID-19-ը, որն ԱՀԿ-ի գնահատմամբ՝ որակվել է որպես պանդեմիա, այս օրերին ներքին տարածում է ստանում նաև Հայաստանում։ Մեր երկրում վարակվածների թվում ոչ միայն Իրանից և Իտալիայից ժամանած 2 վիրուսակիր քաղաքացիներն են, այլև վերջիններիս կողմից Հայաստանում վարակված անձինք, ինչը նշանակում է, որ մենք ունենք վիրուսի ներքին տարածման առաջին դեպքերը, որոնք կարող են անվերահսկելի և անկառավարելի իրավիճակ ստեղծել երկրում, ինչպես դա եղավ թե՛ Իտալիայում, թե՛ Իրանում վերջին 1 ամսվա ընթացքում։

Ներկայումս Հայաստանում բոլոր վարակակիրները տեղավորված են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, իսկ նրանց հետ շփում ունեցած անձինք մեկուսացված են։ Ինչպես հայտնի է, Իտալիայում վիրուսը նման ահագնացող տեմպով սկսեց տարածվել ընդամենը մեկ վիրուսակրից։ Այնուամենայնիվ համաճարակաբանները, որոնք դեռ լիովին չեն ուսումնասիրել վիրուսի այս տեսակը, հորդորում են հասարակությանը խուճապի չմատնվել, դրսևորել բարձր հավաքական սոցիալական պատասխանատվություն, իսկ իշխանություններին՝ չկորցնել զգոնությունը։

 COVID-19-ից մահաբերությունը 10 անգամ ավելին է, քան գրիպից

ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին, որն օրերս ելույթ ունեցավ ԱՄՆ Կոնգրեսում, այն կարծիքին է, որ այնքան էլ տեղին չէ նոր կորոնավիրուսը սեզոնային գրիպի հետ համեմատելը։ Նրա հաշվարկների համաձայն՝ նոր վիրուսից մահացությունը 10 անգամ ավելի բարձր է, քան մահացությունը սեզոնային գրիպից, և նոր կորոնավիրուսի մահաբերությունը շատ ավելի բարձր է։

«Սեզոնային գրիպը, որի հետ մենք գործ ունենք ամեն տարի, ունի մահացության մակարդակ ՝ 0,1%, իսկ մահացությունը coronavirus-ի՝ COVID-19-ի դեպքում, երբ մենք դիտարկում ենք բոլոր տվյալները, այդ թվում՝ Չինաստանը, այն կազմում է մոտ 3%։ Կարծում եմ, եթե հաշվի առնեք բոլոր դեպքերը, երբ վարակը թույլ համախտանիշ ունի կամ չունի ախտանիշեր, մահացության մակարդակը, հավանաբար, կարող է ճշգրտվել՝ կազմելով մոտ 1%: Սա նշանակում է, որ այն 10 անգամ ավելի մահացու է, քան սեզոնային գրիպը»,- ԱՄՆ Կոնգրեսում նշել է իմունոլոգը՝ կանխատեսելով, որ մենք շատ ավելի շատ դեպքերի ականատեսն ենք դառնալու, քան ներկայումս։

ԱՄՆ գլխավոր համաճարակաբանն իշխանություններին զգուշացրել է, որ խնդիրը չափազանց լուրջ է, ուստի անհրաժեշտ է իրականացնել շատ ավելի ընդլայնված թեստավորում և այս վիրուսի համար թիրախային խմբերի վերահսկողություն։ «Առաջիկա ամսվա կամ ամիսների ընթացքում այս բռնկումը զսպելու նպատակով մենք պետք է իրականացնենք հանրային առողջապահական միջոցառումներ»,- ասել է ամերիկացի մասնագետը։

Ֆաուչին նաև զգուշացրել է, որ պատվաստանյութը չի կարող հասանելի լինել մոտակա ամիսների ընթացքում և ամենալավ պարագայում կարող է հասանելի լինել մեկ կամ մեկուկես տարի անց։

Ոչնչով չի տարբերվում այլ վիրուսներից

Ռուս համաճարակաբան Պյոտր Զուբարովը կարծում է, որ այս վիրուսը ոչնչով չի տարբերվում նրանցից, որոնց հետ մասնագետները գործ են ունեցել իրենց աշխատանքի ընթացքում ավելի վաղ։ Ըստ նրա՝ գենետիկների բացահայտումներն այս վիրուսի վերաբերյալ բժիշկներին այդքան էլ հետաքրքիր չեն, քանի որ վիրուսը տարածվում է և բուժվում նույն կերպ, ինչ բոլոր նմանատիպ վիրուսները։ Այս վիրուսի մահաբերության աստիճանը բժիշկը բացատրում է այսպես․ «Ցանկացած վիրուս, որը հայտնվում է թուլացած օրգանիզմում, հարուցում է լուրջ բարդություններ, այդ թվում՝ հանգեցնելով մահվան։ Ռիսկային խմբում են քրոնիկ հիվանդություններ ունեցող, ինչպես նաև տարեց անձինք։ Հենց այդ պատճառով մահվան դեպքերի մեծ մասը 80 տարեկանից բարձր են»։

Իր հերթին՝ ՌԴ ԱՆ համաճարակաբան Ելենա Մալիննիկովան անհանգստություն է հայտնում այն կապակցությամբ, թե դեռ որքան է այս վիրուսը մուտացիայի ենթարկվելու՝ տարածվելով ողջ աշխարհում։ Նա նշել է, որ դեղերի ընդունումը չէ, որ հանգեցրել է կորոնավիրուսի նման մուտացիայի։ Մալիննիկովայի խոսքով՝ պարզապես վիրուսը հաղթահարում է ներկայումս միջտիպային պատնեշը, փորձելով հաստատվել՝ որպես կայուն վիրուս, դառնալով մեր կյանքի մի մասը։ Ռուս համաճարակաբանը զգուշացնում է, որ մարդը վարակվելով կորոնավիրուսով՝ կայուն իմունիտետ ձեռք չի բերում, ուստի կա հնարավորություն, որ նա որոշ ժամանակ անց կրկին կվարակվի այս տեսակի վիրուսով։

Հայտնի չէ՝ երբ ի հայտ կգան կորոնավիրուսի ախտանշանները

Կանադահայ բժիշկ Կարպիս Հարբոյանը ամիսներ առաջ իր հերթական հոդվածն էր հեղինակել նոր տեսակի կորոնավիրուսի և ընդհանրապես կորոնավիրուսների մասին։ Ըստ Կարպիս Հարբոյանի, մինչև օրս հայտնի չէ՝ մարդու մարմնում վիրուսը որքան ժամանակ կարող է «թուխս նստել»։ «Այսինքն, առողջ մարդու՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո, հայտնի չէ, թե ո՛ր օրը ի հայտ կգան ախտանիշները: Հայտնի չէ նաև, թե վարակված մարդը ո՛ր օրն է վարակում առողջ մարդու»,- գրում է կանադահայ բժիշկը, ում խոսքերը մեջբերել է «Արևելք» լրատվական կայքը:

Կորոնավիրուսի մասին իր հոդվածում Կարպիս Հարբոյանը նշում է նաև, որ մարդը կորոնավիրուսով կարող է հիվանդանալ ցանկացած եղանակի, տարիքը նույնպես կապ չունի:

«Վիրուսն ընդհանրապես սովորական հարբուխի նշաններով է ընթանում և տևում է մի քանի օր: Որևէ բուժում պետք չէ, բայց հիվանդը պետք է մնա տանը և առատ ջուր խմի»,- խորհուրդ է տալիս փորձառու բժիշկը՝ ավելացնելով, որ մտահոգիչ ախտանշանների և հիվանդագին լուրջ վիճակի դեպքում պետք է դիմել բժշկի:

Հիշեցնենք, որ 2019-nCoV-ը՝ նույն COVID-19-ը, կորոնավիրուսի նոր տեսակ է, որն ախտահարում է թոքերը՝ նպաստելով թոքաբորբի առաջացմանը։ Վարակման ախտանշանները նման են գրիպի ախտանշաններին՝ ջերմություն, հազ, շնչառական խնդիրներ և թուլություն, սակայն այն կարող է լինել նաև առանց ախտանշանների։ Հիվանդությունը մարդուց մարդու է փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։ Քիչ, բայց հավանական է, որ մարդը կարող է կորոնավիրուսով վարակվել նաև վարակակիր, բայց ընդգծված ախտանշաններ չունեցող անձից:

 Ինչպե՞ս պաշտպանվել COVID-19-ից

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, վիրուսի մասնիկները ձեռքերից վերացնելու համար անհրաժեշտ է պարբերաբար լվացվել օճառով, մաքրել ձեռքերն ալկոհոլային հիմքով գելերով: Չի կարելի ձեռքերով դիպչել գլխին, քթին, բերանին: Ըստ ԱՀԿ-ի, ոմանք կարծում են, թե ռետինե ձեռնոցները լավ պաշտպանիչ միջոց են, սակայն, դիմակների նման, դրանք էլ հուսալի չեն: Ձեռնոցներն էլ են վերցնում Covid-19-ի վիրուսը, և եթե ձեռնոցով դիպչում եք ձեր դեմքին, փոխանցում եք վիրուսը:

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս, որքան կարևոր է ձեզ պաշտպանել վիրուսից, նույնքան էլ կարևոր է դրանից պաշտպանել շրջապատին, ուստի ծածկեք ձեր բերանը և քիթը անձեռոցիկով, երբ հազում կամ փռշտում եք, իսկ հետո անձեռոցիկը նետեք փակ աղբամանը:

Խորհուրդների թվում է նաև ախտանշանների դեպքում թեժ գիծ զանգահարելը․ եթե ունեք ջերմություն, հազ և շնչառական խնդիրներ, դիմեք բժշկի օգնությանը, բայց նախ զանգահարեք թեժ գիծ: Զանգահարելու դեպքում ձեզ կուղարկեն ճիշտ վայր, ճիշտ մարդկանց մոտ, և արդյունքում՝ քիչ մարդկանց հետ կշփվեք:

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակներ կրել անհրաժեշտության դեպքում․ այն անհրաժեշտ է միայն այն դեպքում, եթե ունեք Covid-19-ի ախտանշաններ, կամ, եթե խնամում եք մեկին, որը վարակված է, և դիմակներն արդյունավետ են միայն այն դեպքում, երբ կանոնավորապես մաքրում եք ձեռքերը: ԱՀԿ դիտարկումների ցանկում է նաև մարդկանցից հեռավորություն պահպանելը․ կարող եք շփվել այլ մարդկանց հետ, բայց գոնե մեկ մետր հեռավորություն պահեք ձեր և նրանց միջև, ովքեր հազում կամ փռշտում են: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս նաև հնարավորինս խուսափել հանրային վայրերից և շփումներից։

Տեսանյութեր

Լրահոս